Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.

«Առնվազն անպատասխանատու է սիրողական մակարդակի դատողությունները հանրային քարոզչության վերածել»․ Հարություն Մկրտչյան

163
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 12:42
«Առնվազն անպատասխանատու է սիրողական մակարդակի դատողությունները հանրային քարոզչության վերածել»․ Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբևէ համավարակի տարածմանը ու պատվաստումների մասին որևէ թեմայի չեմ անդրադարձել, անգամ ամենաթեժ օրերին, երբ բոլորը միայն դրանից էին խոսում ու գործում էին խիստ սահմանափակումները, թեև ինքս էլ մի շարք փաստեր, սահմանափակման ու դրա դեմ պայքարի ձևեր ու կանոններ համարել եմ անտրամաբանական կամ հակասական։
Պատճառը մեկն է՝ ես ԲԺԻՇԿ չեմ, ես չունեմ համապատասխան նեղ մասնագիտական կրթություն։
Ես կարող եմ ուսումնասիրել այս թեման շատ խորը, կարող եմ իրար կողք դնել մասնագիտական կարծիքները, այլ երկրների փորձը ու սրա հիման վրա ձևավորել իմ սեփական կարծիքը ու եզրահանգումները, ինքս ինձ համար որոշել, անձամբ պատվաստվում եմ, թե ոչ, մաքսիմում որոշել՝ ընտանիքիս անդամները պատվաստվելու են, թե ոչ, որովհետև այս թեմայի շուրջ իմ ունեցած գիտելիքները ՍԻՐՈՂԱԿԱՆ մակարդակում են շարունակելու մնալ, որքան էլ որ ես լրջորեն մոտենամ դրան ու ուսումնասիրեմ...
Առնվազն անպատասխանատու է սիրողական մակարդակի դատողությունները հանրային քարոզչության վերածել, երբ խոսքը գնում է մարդկանց, մի ողջ հանրույթի ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ մասին։
Եթե չեք հավատում համավարակի գոյությանը, պատվաստումների արդյունավետությանը կամ դրանց անվտանգությանը՝ դա ձեր իրավունքն է, բայց ի սեր Աստծո, ինքներդ ձեզ համար որոշեք, որ չեք հավատում, չեք պատվաստվում, առավելագույնը ձեր որոշումը տարածեք ձեր ընտանիքի անդամների վրա, բայց հանրային քարոզչության մի վերածեք, որովհետև սա այն թեման չէ, որի վրա կարելի է ինքնահաստատվել, ճանաչում ձեռք բերել, տարբերվել, կամ ուղղակի հանրությանը փաթաթել սեփական տեսակետը։
Կան կարմիր գծեր, որոնք հատել չի կարելի:
Այլ մարդկանց կյանքն ու առողջությունը մուգ կարմիր գիծ է...
Հ.Գ. Այս թեմայով իմ առաջին ու վերջին գրառումն է։
Հազար երանի՜ կարդացածը հասկացողին...»։