Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարություն է տարածել

159
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 17:00
Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարություն է տարածել

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարություն է տարածել. «Շոուն շարունակվում է, բայց հանրությանը շեղելու բոլոր փորձերը դատապարտված են

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի՝ (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք...
Ինչ վերաբերում է այս նոր գործի դատարկությանը, ապա այս պահին նշեմ միայն, որ ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում՝ պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաև մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Հաշվի առնելով այս չգործի քննության սկզբնական փուլը՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով, ներկայումս ձեռնպահ եմ մնում առավել մանրամասն մեկնաբանություններից, այս գործի հարուցման հիմքերի սին լինելը կներկայացնեմ հետագայում, սակայն հավաստիացնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործի հարուցումով հնարավոր չի լինելու հասարակության ուշադրությունը շեղել օրհասական վիճակում գտնվող մեր պետության համար անհապաղ լուծում պահանջող անվտանգային, պաշտպանության, առողջապահական և այլ խնդիրներից:
Տեսարաններ ապահովելու հարցում ցանկացած միջոցի դիմելն արդեն իրեն սպառած պրակտիկա է»:

Աղբյուրը`   Ամրամ Մակինյան