Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.

«Ոչ մի տերության համար մեզ հետ հարաբերությունն ավելի կարևոր չէ, քան՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ աշխատանքը». Հակոբ Բադալյան

185
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 02:06
«Ոչ մի տերության համար մեզ հետ հարաբերությունն ավելի կարևոր չէ, քան՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ աշխատանքը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Արդեն մի քանի տեղ նկատեցի Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան իբրև թե դաշինքի կամ ձևաչափի մասին, որի հիմք է դարձել նաև այն, որ Հնդկաստանի արտգործնախարարն է առաջին անգամ ժամանում Հայաստան: Ընդ որում՝ քառյակ դաշինք, որն էլ իբրև թե հակակշիռ է Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իսրայել, մի խոսքով՝ էս մի քառյակին, թե հնգյակին:

Ըստ ամենայնի՝ Հնդկաստան-Իրան-Վրաստան-Հայաստան քառյակի շրջանակում էլ Վրաստանում տեղի ունեցան թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ վարժանքներ ու պաշտպանության նախարարների հանդիպում: Կամ Պակիստան-Իրան-Թուրքիա բեռնափոխադրումային երթուղին:

2016-ի քառօրյայից հետո մի շարք անգամներ գրել եմ այն մասին, որ մեր քաղաքական միտքը պետք է դուրս բերենք Արևմուտք, թե Ռուսաստան երկբևեռ չափումների դաշտից, որովհետև իրողությունները գնում են բավականին բազմաշերտ փոփոխության: Ընդ որում՝ որևէ տարբերություն չկա՝ երկբևեռ չափում ենք Արևմուտք, թե՛ Ռուսաստան, թե՛ այս քառյակ, հնգյակ, վեցյակ, թե՛ այն քառյակ, հնգյակ, վեցյակ:

Ի վերջո, պետք է գոնե այս ծանր հարվածներն ստանալուց հետո գանք մի պարզ բանի ըմբռնման, որ՝ ոչ մի տերության համար, լինի ռեգիոնալ, թե գերտերություն, մեզ հետ հարաբերությունն ավելի կարևոր չէ, քան՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ աշխատանքը, եթե անգամ նրանք գտնվեն կա՛մ մեկի, կա՛մ մյուսի հետ լարված ու հակադիր ռազմավարություններում:

Ըստ այդմ՝ մեզ համար արդյունավետության հեռանկար կարող է առաջանալ այն դեպքում, երբ մեր քաղաքական միտքը բարձրացնենք բազմաշերտ և բազմանիստ չափումների մակարդակ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան