Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԵԽԽՎ զեկուցողը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

1837
Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 14:18
ԵԽԽՎ զեկուցողը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների» հարցով զեկուցող Փոլ Գավանը երկու երկրների ղեկավարներին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը:

«Ցավոք, այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում միջադեպերի թվի աճ է արձանագրվել, և դրանք նոր մակարդակի են հասել՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով, ինչը մեծ մտահոգություն է առաջացնում»,- ասել է Գավանը:

«Երկու կողմն էլ կապ է հաստատել ինձ հետ, և դա ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են խուսափել իրավիճակի վատթարացումից։ Հումանիտար հիմնախնդիրները, որոնք ազդում են սահմանի երկու կողմում անհատների կյանքի վրա, չեն կարող լուծվել, եթե չդադարեցվի բռնությունը»,- հավելել է նա։

«Ուստի ես հույս ունեմ, որ երկու երկրները կհրաժարվեն հետագա ցանկացած քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը։ Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից»,- եզրափակել է զեկուցողը։

Գավանը մտադիր է իր զեկույցը ներկայացնել ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստում (սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1):