«Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը». Արմեն Սարգսյանի ուղերձը
![]() Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Սահմանադրության օրն է: Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները: Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է... Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին... Վերոնշյալ սկզբունք-կարգավորումներից բացի, Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է: Այն պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին և ուղղված լինի վերոնշյալ անփոփոխելի դրույթներով ամրագրված սկզբունքների իրագործմանը: Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն: Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում: Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը: Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար: Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործելու այն, դարձնելու երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին առավել համահունչ՝ միաժամանակ, անվերապահորեն հավատարիմ մնալով Սահմանադրության անփոփոխելի հոդվածներով ամրագրված սկզբունքներին: Ի վերջո, Սահմանադրությունը պետք է ոչ միայն հռչակի այդ հիմնարար սկզբունքները, այլև ունենա դրանք պաշտպանելու և կյանքի կոչելու բավարար գործուն կառուցակարգեր: Աշխատանքը մեր պետականության ամրապնդման ուղղությամբ պետք է լինի շարունակական: Իսկ այսօր առավել ևս պետք է լինենք միասնական, կարգապահ ու աշխատասեր, զինվենք դժվարությունները հաղթահարելու համառությամբ, Հայրենիքի հանդեպ սիրով ու լավատեսությամբ: Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման, մեր ազգային ինքնության վերաիմաստավորման, ազգային գաղափարախոսության սահմանման և հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա ապահովելու համար: Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, դրանով մեր իրավունքներին տեր լինելը և, միաժամանակ, մեր պարտականությունները կատարելն այդ գործընթացների անբաժանելի մասն են»: |

«Վերջին օրերին բաժանորդների կողմից ստանում ենք մի շարք ահազանգեր». ՀԷՑ
87Երեկ, 12:36
Գարեգին Երկրորդի ուղերձը՝ Մեծ Պահքի առթիվ
87Երեկ, 12:12
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
84Երեկ, 10:42
Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին
74Երեկ, 10:36
«Հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»․ Արմեն Գրիգորյան
14014.02.2026, 16:18
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
14313.02.2026, 14:48
