Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Մեր դյուրահավատ ու կռասեր ժողովուրդը մշտապես հետևում է գայլերին, որ հովվի թիկնոց են կրում». Հայկ Մարտիրոսյան

472
Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 00:20
«Մեր դյուրահավատ ու կռասեր ժողովուրդը մշտապես հետևում է գայլերին, որ հովվի թիկնոց են կրում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլիացիայից հետո իր հոգեզավակին ընդհանուր ատելության ֆոնին հայհոյելուց և դրանով կապիտուլիացիան կապիտալիզացնելու փորձից հետո դավաճանության գաղափարախոսության հիմնադիրը դարձյալ լծվել է նրան սատարելու գործին:
Դա անում է՝ բանակին սաստելով, որպեսզի հանկարծ բանակը չգնա կա՛մ հեղաշրջման և կա՛մ հոգեզավակին այլ ուղիներով հեռացման ճանապարհով:
Քննադատում է նրանց, որ բերում են հաջողված ռազմական հեղաշրջումների օրինակներ, որոնց արդյունքում երկրները կայունացել են: Օրինակ՝ Չիլին և Եգիպտոսը:
Միաժամանակ՝ բերում է օրինակներ, որպեսզի ցույց տա, թե ինչպես են այդտեղ ռազմական հեղաշրջումներից հետո երկրները քանդվել կամ պետությունները վնասվել:
Եվ այդտեղ «մեծ փիլիսոփան» և «պետական մեծ գործիչը» կա՛մ մանիպուլիացիոն ու խաբեբա հնարք է գործածում ու թեև պատմաբան է՝ կա՛մ հերթական անգամ չի տիրապետում ո՛չ պատմական իրականությանը և ո՛չ էլ քաղաքական պատմությանը:
Իր բերած «ձախողված» օրինակներից Սիրիայում, որտեղ շուրջ հիսուն տարի առաջ է միայն ռազմական հեղաշրջում տեղի ունեցել՝ իշխանության եկած միջին օղակի սպա Հաֆեզ Ալ Ասադը երկիրը կայունացրեց, հզորացրեց և դարձրեց այն տարածաշրջանային ամենածանրակշիռ խաղացողներից մեկը:
2011թ.-ի պատերազմական պայթյունը երկրում ոչ մի կերպ ռազմական հեղաշրջում հնարավոր չէ կոչել: Դա իսլամիստական և հակակառավարական ապստամբություն էր, որի ժամանակ բանակն ամբողջությամբ պաշտպանեց երկրի իշխանությանը:
Նույնն է պատկերը Իրաքում, որտեղ յոթանասնականների վերջին Սադդամ Հուսեյինը հեղաշրջմամբ իշխանության եկավ և մեծապես կայունացրեց մինչ իրեն և իրենից հետո մեծապես անկայուն այդ երկիրը: Սադդամի տապալումը ռազմական հեղաշրջման հետ կապ չուներ: Դա արտաքին ներխուժող ուժի կողմից պատերազմում Իրաքի կորստյան արդյունք էր և վերջ:
Նույնն է և Սուդանում: Ցեղասպանության մեջ մեղադրվող բռնապետ Օմար ալ Բաշիրին վերջերս իշխանությունից հեռացրեց բանակը, որը հանգեցրեց երկրի միջազգային դիրքի բարելավման և Սուդանի համար հեռանկարի տեսարան բացեց:
Իսկ համեմատել Հայաստանը Սոմալիի հետ՝ նշանակում է հայաստանցիներին շփոթել սոմալեցիների հետ, որտեղ քաղաքացիական պատերազմ կար, կրոնական պայքար և պետության՝ գոյություն չունեցող ավանդույթ:
Եվ խոսքն, այնուամենայնիվ ռազմական հեղաշրջման մասին չէ: Խոսքն այն մասին է, որ դավաճանության հոգեհայրը, իր հոգեզավակի հետ միասին՝ լավագույնս տիրապետում է համոզիչ հնչող կեղծիքները խիստ համոզիչ ներկայացնելու արվեստին: Եվ դրա շնորհիվ է, որ մեր դյուրահավատ ու կռասեր ժողովուրդը մշտապես հետևում է գայլերին, որ հովվի թիկնոց են կրում:
Ու խաբվում է ու խաբվում»: