Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հայրը տեղում մահացել է, որդու կյանքի համար բժիշկները պայքարում են

1205
Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 23:50
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հայրը տեղում մահացել է, որդու կյանքի համար բժիշկները պայքարում են

Երևանում այսօր՝ ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:
Վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Է. Մ.-ն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Ս. Մ.-ն, ում տարիքը ճշտվում է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Վրաերթի հարեւանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներն ասում էին. «էս ճանապարհը ինչ սարքել են, ամեն օր վթարների ենք ականատես լինում: Ո՛չ արտաքին լուսավորություն կա, ո՛չ էլ համապատասխան նշաններ: Ամեն օր, նամանավանդ երեկոյան ժամերին, ահը սրտներումս ենք անցնում, չգիտենք՝ տուն կհասնենք, թե չէ: Հետո էլ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունն ասում են, թե ցանկացած ճանապարհ շահագործման հանձնելուց առաջ կահավորում ենք արտաքին լուսավորությամբ, սվետաֆորով, երթևեկությունը կարգավորող նշաններով, բայց ինչ էս փողոցը սարքել են, ստացվում ա՝ էշ մի սատկի, գարուն կգա: Պատկան մարմինները սպասում են, որ զոհերի թիվն ավելանա, որ նոր ուղեղներին զոռ տան ու էդ հարցերը լուծեն: Վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են, ովքեր փողոցն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Հիմա գոնե էս դեպքից հետո Երևանի քաղաքապետարանը մարդկային վերաբերմունք ցուցաբերի և էդ խնդիրները լուծվեն, հակառակ դեպքում՝ ականատես կլինենք նմանատիպ դեպքերի»,- ասում են նրանք: