Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ իր որդու շփումների շուրջ սկանդալի համար

2990
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 22:25
Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ իր որդու շփումների շուրջ սկանդալի համար

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան երկուշաբթի օրը խոստովանել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր ավագ որդու շփումների շուրջ սկանդալը լրջորեն խաթարում է կառավարության ղեկավարի նկատմամբ հասարակական վստահությունը: Նա այդ մասին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկումների ժամանակ՝ ի պատասխան ընդդիմության պատգամավորների հարցերին:

«Ստեղծված իրավիճակը լրջորեն խաթարում է իմ նկատմամբ ժողովրդի վստահությունը։ Ես խորապես զղջում և ներողություն եմ խնդրում»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ Kyodo-ն հայտնել էր, որ կառավարության ղեկավարի որդու վճարած ընթրիքներին մասնակցել են վարչական գործերի և կապի նախարարության առնվազն 11 պաշտոնյա: Յոսիհիդե Սուգան ավելի վաղ արդեն հրապարակային ներողություն էր խնդրել այդ սկանդալի համար: Ընդ որում, նա ընդգծել է, որ որդու հետ երբեք չի քննարկել նրա աշխատանքը։