Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ներկայացնում եմ տարածված ստոր կեղծիքների հերքում-պարզաբանումը». Հայկ Սարգսյան

503
Կիրակի, 28 փետրվարի, 2021 թ., 00:30
«Ներկայացնում եմ տարածված ստոր կեղծիքների հերքում-պարզաբանումը». Հայկ Սարգսյան

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի ուժերը, փող ու ջանք չխնալելով, ինձ վարկաբեկող կեղծ տեղեկություններ են տարածում իրենց բոլոր կայքերով, իսկ 5-րդ հեռուստաալիքն այնպիսի ռեպորտաժ է պատրաստում, որ մարդիկ երանի են տալիս գեներալ Մանվելին։ Դրանք միայն ինձ չեն վնասում, այլև մեր երկրին, որովհետև հաջորդ անգամ, որ, Աստված մի արասցե, նորից Սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ էլ բեռներ չեն ուղարկի՝ մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։
Ստորև ես կներկայացնեմ նրանց տարածած ստոր կեղծիքի հերքում-պարզաբանումը, որը, ցավոք, տասն անգամ ավելի քիչ մարդ կտեսնի, քան՝ իրենց տարածած սուտը։
Հուսամ՝ ընկերներս կաջակցեն տարածելու հերքում-պարզաբանումս։
Օրեր առաջ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը հրապարակեց մի հոդված՝ «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով։ Հոդվածը իրականության հետ որևէ աղերս չունի, պարունակում է կեղծ մեղադրանքներ, ուղված՝ իմ, Անդրանիկ Քոչարյանի, Հակոբ Արշակյանի և Էդուարդ Աղաջանյանի դեմ, իբրև Համահայկական հիմադարմի միջոցներով կատարել ենք գնումներ՝ շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։
Անիմաստ համարեցի այս աստիճանի կեղծիքին որևէ կերպ արձագանքելը և չկարծեցի, որ հերքելու կամ պարզաբանում տալու կարիք կլինի, որովհետև երբևէ որևէ կապ չեմ ունեցել ո՛չ հիմնադրամի, ո՛չ էլ որևէ պետական գնումների հետ։
Երեկ փետրվարի 26–ին, «Հայեր միացեք» նախաձեռնության անդամ Բադալ Պարյանը «Հայելի» ակումբում, լրագրողների ներկայությամբ հայարարել է, որ իրենց կողմից հավաքված հումանիտար օգնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով ուղարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով և բեռը տեղ չի հասել։
Հարցազրույցից (հարցազրույցը վարողի անթաքույց ջանքերով) անուղղակի տպավորություն է ստեղծվում, որ դեսպանատնից ուղղորդել են բեռը ուղարկել իմ անունով, որպեսզի այն ես յուրացնեմ։
Հիմա մանրամասն նշեմ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։
Պատերազմի օրերին ինձ հետ կապվում է Վիտալի անունով մի երիտասարդ և ասում, որ ընկերներով ցանկանում են ապրանքներ ուղարկել ՀՀ, որպես օգնություն և հրաժարվելով հօգուտ պետության, ազատվեն հարկերից։ Խնդրում էր ինձ՝ օգնել այդ գործընթացը կազմակերպել և հանաձայնություն տալ բեռն ուղարկել իմ անունով։ Բնականաբար, ես համաձայնում եմ և իրեն եմ ուղարկում իմ անձնագրի տվյալները։ Բեռը իմ անունով ուղարկում են Հայաստան։ Ես կապվում եմ ՊԵԿ աշխատակիցների հետ, Մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպում են և հանձնում արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, ես որևէ կապ բեռի տնօրինման հետ չեմ ունեցել։ Իմ օգնությունը կայացել է նրանում, որ խնդրել եմ ՊԵԿ և ԱԻՆ աշխատակիցներին գործընթացը կազմակերպել հնարավորինս արագ։ Իմ անունով բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրենց օգնելու համար, ես էլ պատասխանել եմ, որ ես եմ շնորհակալ հայրենանպաստ աշխատանքի համար և սիրով պատրաստ եմ օգենել ինչով կարող եմ։ Այս դեպքից անցել է շուրջ 4 ամիս և որևէ դժգոհություն կամ հարց այս մասով ինձ որևէ մեկը չի հայտնել։ Ստորև ավելի մանրամասն կներկայացնեմ բեռների Հայաստան բերվելու և ԱԻՆ-ին հանձնելու գործընթացը՝ բոլոր անհրաժեշտ փաստերով՝ հնարավոր բոլոր կասկածները փարատելու համար։
Առաջին բեռը, որը Վիտալին ուղարկել է իմ անունով, եղել է հագուստ՝ 6530 կգ քաշով, այն Հայաստան է հասել հոկտեմբերի 15-ին։ Հաջորդ օրը՝ հոկտմբերի 16-ին, ինձ WhatsApp-ով գրում է Վիտալին, խնդրելով կապվել ԱԻՆ աշխատակից Էդուարդ Սեյրանյանի հետ (մեր նամակագրությունը ներկայացնում եմ կից հավելված 1-ում)։ Ես կապվում եմ ԱԻՆ հիշյալ աշխատակցի հետ, վերջինս արդեն իմ համաձայնությամբ կատարում է ձևակերպումները, ինչից հետո բեռը տնօրինում և բաշխում է ԱԻՆ-ը։
Երկրորդ բեռը, որը ուղարկել է Վիտալին, եղել է սնունդ՝ 20500 կգ քաշով, Հայաստան է հասել հոկտեմբերի 27-ին։ Նույն օրը WhatsApp-ով ինձ է գրում ԱԻՆ աշխատակից Էդուարդ Սեյրանյանը և հայտնում, որ Վիտալիի ուղարկած ավտոն հասել ա, բերել ա ձեթ և պեսոկ, ապա հարցնում՝ էլի վարորդի՞ հետ արվի ընդունում-հանձնումը (մեր նամակագրությունը ներկայացնում եմ կից հավելված 2-ում)։ Ես պատասխանում, որ ազգային ժողովում նիստի եմ և վստահում եմ թե՛ ԱԻՆ աշխատակիցներին, թե՛ բեռնատարի վարորդին և խնդրում եմ ընդունում հանձնումն անել առանց ինձ, ինչպես առաջին բեռի դեպքում։
Երկու բեռների դեպքում էլ ես բեռների ընդունման գործընթացներին չեմ մասնակցել, այն իրականացրել են ԱԻՆ աշխատակիցները՝ վարորդների հետ միասին։ Բեռների ընդունման մասին հավելյալ տեղեկատվությունը ներկայացնում եմ կից հավելված 3-ում։
Հավելեմ, որ այլ բեռներ ևս են իմ անունով ուղարկվել, այդ թվում իմ ազգականների և ընկերների կողմից, որոնք նույնպես հօգուտ պետության հրաժարմամբ հանձնել եմ ՊՆ-ին։ Մասնավորապես, պատերազմի առաջին օրերին, երբ քնապարկերի մեծ կարիք կար, խնդրել եմ իմ ազգական Մամիկոնին քնապարկեր ուղարկել։ Նա իր անձնական միջոցներով ՌԴ-ից ձեռք է բերել մեծ քանակությամբ քնապարկեր և ինքնաթիռով ուղարկել Հայաստան։ Քնապարկերը միանգամից Արևելյան մաքսատուն-վարչությունից («Զվարթնոց» օդանավակայանից) տրամադրվել են ՊՆ-ին և ուղարկվել առաջնագիծ (նկարները ներկայացնում եմ կից հավելված 4-ում)։
Պատերազմի օրերին, պատասխանելով բազմաթիվ զանգերի և նամակների կապի մեջ եմ եղել արտասահմանի մեր հայրենակիցների հետ։ Օգնել եմ բեռների Հայաստան տեղափոխման և փաստաթղթավորման գործընթացներում, որպեսզի անհրաժեշտ ապրանքները ժամ առաջ հասնեն հասցեատերերին։ Այս մասով կազմակերպել և մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, թե ինչպես կարելի է հեշտացնել հօգուտ պետության հրաժարվելու գործընթացը, հերթապահություն եմ իրականացրել Զվարթնոց օդանավակայանում՝ օգնելու մեր հայրենակիցներին բանակի համար իրենց հետ բերած բեռների ձևակերպումների հարցերով։ Ֆեյսբուքյան իմ էջում կատերել եմ գրառում՝ «Խնդրում եմ ապրանքներ ներկրելիս, անհրաժեշտ օժանդակության համար, գրեք իմ ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք անձամբ ինձ»»: