Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ ցուգցվանգի առաջ. «168 ժամ»

528
Շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ., 09:45
Նիկոլ Փաշինյանը՝ ցուգցվանգի առաջ. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի և բանակի հրամկազմի՝ նախօրեին արված հայտարարությունը Հայաստանում ստեղծել է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ։

Նիկոլ Փաշինյանն առնվազն մասամբ կորցրել է իշխանությունը, նա այլևս չի տիրապետում պետության ամենաազդեցիկ ուժային կառույցին՝ բանակին։ Ընդ որում, ամենաազդեցիկը լինելով՝ բանակն իրականում նաև ամենալեգիտիմ կառույցն է՝ ինչպես հասարակության ունեցած անվերապահ վերաբերմունքի առումով, այնպես էլ՝ այն իմաստով, որ հանրությունն ամենաշատը կապված է հենց բանակի հետ․ հազարավոր ընտանիքների երեխաներ ծառայություն են անցկացնում բանակում։

Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հղումներն «իշխանության լեգիտիմությանը», մեղմ ասած, հիմնավոր չեն, քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է «լեգիտիմ իշխանություն», ապա իր հրաժարականը պահանջում է պետական կառավարման ու անվտանգային համակարգի ամենալեգիտիմ կառույցը՝ բանակը։

Ժամանակը, մեղմ ասած, չի աշխատում Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ իրականում՝ աշխատում է նրա դեմ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող կտրուկ քայլերի դիմել բանակի դեմ, քանի որ այդպիսով բանակի ղեկավարությանն ու նաև միջին օղակներին էլ ավելի կհամախմբի իր դեմ։

Մյուս կողմից՝ նա չի կարող նաև ինչ-որ քայլերի չդիմել, քանի որ դրանով ցույց կտա, որ այլևս չի տիրապետում իրավիճակին։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը մեծ չէ․ լավագույն դեպքում նա կարող է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, սակայն խիստ կասկածելի է, թե ինչպես դա կընդունվի հրապարակի ու նաև խորհրդարանի քաղաքական ուժերի կողմից»:

Մանրամասները՝ թերթի համարում: