Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Դեռ 60-70-ական թվականներին Հեյդար Ալիևը ձգտել է, որ Արցախը հայաթափվի». Շուշիի քաղաքապետ

266
Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 16:20
«Դեռ 60-70-ական թվականներին Հեյդար Ալիևը ձգտել է, որ Արցախը հայաթափվի». Շուշիի քաղաքապետ

«1916 թվականին Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլազգիներ: 1920-ի մարտի 22-23-ին թուրք մուսավաթականների հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայերի: Ահա սա է այն պատասխանը, որ ասում են՝ 90%-անոց ադրբեջանական է եղել»,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ տվյալներ ներկայացրել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Դեռ 60-70-ական թվականներին իշխանության եկած Հեյդար Ալիևը ձգտել է, որ Արցախը հայաթափվի: Դրա համար, որտեղ որ եղել է հայկական բնակավայր, դրա կողքին ադրբեջանական բնակավայր է հիմնվել: Թեկուզ Ստեփանակերտի Կրկժան թաղամասը, Ասկերանի ու Ստեփանակերտի արանքում Խոջալու կոչվածը, Քարին տակի կողքի Զարուսլուն, Քաշաթաղի Լաչին կոչվածը: Այ սենց է Շուշին հայաթափվել: Որ Շուշին եղել է բուն պատմական, հայկական քաղաք, սրաʹ մասին պետք է խոսվի: Նրա ամեն մի քարը հայկական է: Այն ժամանակ խաշնարած ցեղերը վարպետներ չէին, քար չէին կարողանում տաշել, բայց Շուշիի գետնին շարած քարերն անգամ հայ վարպետների ձեռքով տաշված են»,- շեշտեց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Նրա այս խոսքերը հայկական տիրույթում դարձեն սկանդալի առիթ և լայնորեն լուսաբանվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում: