Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ձեր կուսակցության կամավորական ջոկատն ի վերջո տեղ հասա՞վ»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

234
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 19:25
«Ձեր կուսակցության կամավորական ջոկատն ի վերջո տեղ հասա՞վ»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

«Այս պատերազմը շատ լավ էլ հասկանալի բեմադրություն էր, շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր»,- այսօր ԱԺ-ում Գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը՝ հավելելով, որ ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ՝ պարտվելու համար:

«Ամեն ինչի հիմնավորումները ունեմ ականատեսի աչքերով, մարդկանց հետ զրուցելով...: Նախկինների ամենամեծ մեղքը հենց իշխանությունը ձեզ փոխանցելն է: Ուրիշ ի՞նչ պետք է պատահեր, որ փորձում եք կառչած մնալ ձեր աթոռներից: Կա՞ արդյոք հասարակությունից գաղտնի պահած նոր բանավոր պայմանավորվածություններ, որոնք դեռ պետք է իրականցնեք»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե ձեզ համար առաջին իսկ պահից պարզ էր, թե մենք գալիս ենք իշխանության վատ նպատակներով, ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը պաշտպանում այդ պրոցեսը: Ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը մաս կազմում կառավարությանը: Ասում եք՝ ունեք հիմնավորումներ: Այդ հիմնավորումները մամուլի ասուլիս արեք, հրապարակեք...: Մի անգամ առիթ ունեցել էիք խոսել դավաճանության մասին, ես պարզ հարց տվեցի՝ հեռուստաընկերություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, ի վերջո, տեղ հասա՞վ, թե՞ չհասավ, մարտական գործողություններին մասնակցե՞ց, թե՞ ոչ: Ո՛չ: Այդպես էլ մնաց հեռուստատեսային գովազդ ու ռեպորտաժ»:

Պատգամավորը արձագանքեց, որ անձամբ ինքը կազմավորել է մեկ վաշտ, որը ֆիքսվել է ՊՆ-ում, Քանաքեռի և Նուբարաշենի զորամասերում զինվել են. «Մարդիկ վերադարձել են նոյեմբերի 9-ի երեկոյան, ՊՆ-ն հետ է բերել այդ ջոկատին: Իսկ այն, ինչ հեռուստատեսությամբ գնաց, դա ջոկատ չի եղել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: