Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանը վերջերս խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում». Ն. Փաշինյան

208
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 17:35
«Ադրբեջանը վերջերս խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում». Ն. Փաշինյան

Անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պատերազմից հետո Ադրբեջանում գոյություն ունեցող հակահայկական ատելության քարոզը, խոսքը, հռետորաբանությունը շատ ավելի մեծ ծավալների է հասել, անգամ դրոշմանիշ է հրատարակվել, որն իր մեջ վտանգներ և սպառնալիքներ է պարունակում: Առնվազն կասկածելի է, թե ինչպես պետք է մենք այս ամենի հետ շարունակենք մեր համապատասխան քաղաքականությունն ու գործունեությունը (խոսքը վերաբերում է սահմանամերձ շրջաններին- Գ. Գ.): Ի՞նչ ենք հակադրում սրան, պարոն վարչապետ: Եթե ունենք դրան հակադրվող հստակ մոտեցումներ, խնդրում եմ ներկայացնել»,- ասաց նա:

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գիտեք, պատերազմն ունի հետցնցումներ, այսինքն՝ էնպես չի, որ պատերազմը մի օրում կանգնում է և վերջ: Ձեր հարցի պատասխանն ունի բազմաթիվ շերտեր. ասեմ հետևյալը՝ մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը: Բազմիցս ասել եմ, որ մեր խնդիրը Արցախի և Հայաստանի շուրջ կայունություն ապահովելն է»,- ասաց նա:

Անդրադառնալով դրոշմանիշի հանգամանքին, վարչապետն ասաց. «Իհարկե, Հայաստանի դրոշմանիշի հրատարակումն անընդունելի է: Ադրբեջանը վերջերս խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև, ինչքան ինձ հայտնի է, նմանատիպ դրոշմանիշ, եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Եվ այս փաստը շատ խոսուն է: Ես կարծում եմ, որ ոչ միայն կառավարությունն ունի անելիք այդտեղ, այլև խորհրդարանը և դիվանագիտությունը նույնպես ունեն անելիք: Պարզապես, այդ դրոշմանիշը պետք է ի ցույց դնել ավելի լայն շրջանակներում, ի նկատի ունեմ՝ միջազգային կազմակերպությունների և գործընկերների շրջանակում»: