Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Անաչառ քննությունը կարող է նշանակել մեր անվտանգության կայացմանն ուղղված լրջագույն քայլ». Նարինե Դիլբարան

297
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 23:15
«Անաչառ քննությունը կարող է նշանակել մեր անվտանգության կայացմանն ուղղված լրջագույն քայլ». Նարինե Դիլբարան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ լրահոսում վերջապես հայտնվեց մի տեղեկություն, որի անաչառ քննությունը կարող է նշանակել մեր անվտանգության կայացմանն ուղղված լրջագույն քայլ: Ըստ այսմ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առուվաճառքով հայտնի գործարար Դավիթ Գալստյանը՝ մականունը Պատրոն Դավո, որպես մեղադրյալ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկի շրջանակում։ ԱԱԾ-ն հայտնում է, որ ՊՆ պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով՝ մի շարք առևտրային ընկերությունների հետ, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար առանձնապես խոշոր չափերով գումարներ են հափշտակել: Սույն հափշտակումների մասին վաղուց արդեն շատ բաց և ուղղակի տեղեկություններ էին շրջանառվում ամենատարբեր հարթակներում, փաստաթղթերի մակարդակով: Եւ ահա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հարուցել է քրեական գործ և այդ գործով որոշում է կայացրել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավել: Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Պատրոն Դավոն ներգրավված է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից տխրահարույց զենքերի մատակարարումներին: ԱԱԾ-ն ձեռք է բերել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: Սակայն դեռ պարզ չէ, որտե՞ղ է Դավիթ Գալստյանը. ամենայն հավանականությամբ ոչ Հայաստանում: Եւ ամենակարևորը ովքե՞ր են նրա հետ հանցավոր համաձայնության եկել: Մամուլում ուշագրավ բացահայտումներ կան մասնագետների կողմից ոչ միայն զենքի գնումների, այլ նաև իշխանության կողմից գովազդային կարգախոս, PR դարձած զինվորին տրվող սննդի մասով, որը մի քանի անգամ թանկ է եղել նախատեսվածից: Բանակի հետ կապված այս քստմնելի չարաշահումների գինը դարձավ պատերազմում մեր հայերենիքի կորուստը, մեր զինվորների կյանքը, գերեվարումը: Այսպիսի հանցագործությունները ներում չեն կարող ունենալ, եթե չպատժվեն, ապա մենք երբեք չենք դառնա պետություն, որն ունակ է ապահովել իր անվտանգությունը: Սա է կոռուպցիայի իրական զարհուրելի դեմքը: Սպասենք բաց և անաչառ, ամբողջական ծավալով քննության: