Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

512
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 21:15
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձան տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:

Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ: