Երևան`   -10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

«Տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում իր իսկ բանակի զինվորները»․ Ս․ Հասրաթյան

302
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 00:55
«Տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում իր իսկ բանակի զինվորները»․ Ս․ Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատելով հակամարտ զորքերի շփման գծում և գրավյալ հայկական տարածքներում վերջին օրերին տեղ գտնող զարգացումներից (կրակոցներ Շուշիում, խաչքար-հուշարձանի տապալում Առաքյուլ գյուղում, իսկ այսօր արդեն հրազենային վիրավորում արևելյան սահմանահատվածում), տպավորություն է ստեղծվում, որ Արցախյան հիմնահարցը վերջնականապես լուծված լինելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում ոչ միայն հայկական կողմն ու միջազգային հանրությունը՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ նաև իր իսկ բանակի զինվորները (հակառակ դեպքում՝ չէին կրակի): Հաշվի առնելով արդեն ավանդական դարձած հակառակորդի պահվածքն ու ձեռքբերված պայմանավորվածությունների հանդեպ նրա որդեգրած ոչ կառուցողական վերաբերմունքը, մեր պաշտոնական տեղեկատվության ներկայացուցիչների համար օրապահանջ խնդիր է ցանկացած նման միջադեպի արձագանքել անհապաղ և տարածել բոլոր մակարդակներով: Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ունենալ գրագետ ու նպատակասլաց գործող տեղեկատվական համակարգ, որն իր աշխատանքները պետք է իրականացնի փաստարկված և առավելագույնս օպերատիվ:
Հ.Գ.- Հորդոր-առաջարկս պաշտոնական հաղորդագրություններ տարածող մեր բոլոր այն պատասխանատուններին, ովքեր հակառակորդի կողմից նպատակասլաց կերպով իրականացվող վերոնշյալ սադրանքներին վերաբերում են որպես իրենցից որևէ վտանգ չներկայացնող գործողությունների կամ էլ, ինչպես ներկայացվել է՝ ալկոհոլի ազդեցության տակ կատարվող արարքների. որևէ տեքստ գրելուց կամ լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց առաջ լրջորեն մտածեք, թե ինչ եք ասում, քանի որ այդ ամենը հանրությունն ընդունում է՝ որպես պաշտոնական»: