Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ.

«Փաստորեն, Փաշինյանը չգիտի ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը». Լևոն Զուրաբյան

687
Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 01:05
«Փաստորեն, Փաշինյանը չգիտի ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. «Դեկտեմբերի 5֊ի լայվում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՛րբ և ինչպիսի՛ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Դիվանագիտական հաջողությունը՝ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի և սա է հարցի լուծման բանաձևը»։
Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը (կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը, ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)։ Այդ փաստը հայտնի է ամբողջ աշխարհին և համարվում է Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո հայկական դիվանագիտության ձեռք բերված ամենամեծ նվաճումը։
Այն է՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի և Ադրբեջանի պես հավասար, ձեռք բերեց հակամարտության կողմի եւ իրավահավասար բանակցողի կարգավիճակ։
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՉԳԻՏԻ, որ 1995 թվականին ԵԱՀԿ֊ի գագաթնաժողով ընդհանրապես չի եղել, իսկ նրա նշված Լիսաբոնյան գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, որ 1991 թվականին Խորհրդային Միության տրոհումից հետո միջազգային հանրությունը ճանաչեց բոլոր խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ներքին սահմաններով։ Փաշինյանը, չգիտես ինչու, չի նշում որ Լիսաբոնյան գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ինքնավարության ստանալու բանաձևը իրավական ուժ չստացավ, քանի որ Հայաստանը կիրառեց վետո այդ բանաձևի նախագծի վերաբերյալ։ Հայստանը հետևողականորեն մերժեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա Արցախյան խնդրի կարգավորման բոլոր փորձերը։ Արդյունքում, 1997 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին այպես կոչված փուլային պլանը, որում չկա որևէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, իսկ Լեռնային Ղարավաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ, պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ։ Այս դիվանագիտական ձեռքբերման գլխավոր առանձնահատկությունը Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունն էր պլանի իրագործմանը, որն այլևս երբեք հնարավոր չեղավ ձեռք բերել հետագա որևէ բանակցություններում (Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական գործընթացի մանրամասներին ծանոթանալ ցանկացողներին առաջարկում եմ կարդալ իմ հոդվածը մեկնաբանության մեջ տրված հղումով)։
Հիմա ծանրակշիռ այս իրողությունների մերժումը Նիկոլ Փաշինյանի կողմից ի՞նչ է նշանակում։ Կամ սա տեղավորվում է իմ այն գնահատականի մեջ, որ մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ, մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որևէ լավ բան չեն խոստանում»։