Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այլ դրոշ չենք հանդուրժելու՝ սպիտակ, թե սև ազգի». Աղավնոյում տղամարդիկ զենքը ձեռքին պաշտպանում են, կանայք ժինգյալով հաց են թխում

448
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 23:00
«Այլ դրոշ չենք հանդուրժելու՝ սպիտակ, թե սև ազգի». Աղավնոյում տղամարդիկ զենքը ձեռքին պաշտպանում են, կանայք ժինգյալով հաց են թխում

Չկա, էլեկտրականություն, չկա կապ, չկան ապահով ապագայի երաշխիքներ պետության կողմից, բայց կա Աղավնոյում ապրելու ու գյուղը կյանքի գնով պահելու հաստատակամություն: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ, լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանն իր ընտանիքի անդամների ու մյուս գյուղացիների հետ կազմակերպում է գյուղի ինքնապաշտպանությունը: Այս պահին գյուղում մնացել է 9 ընտանիք, բայց գյուղապետն, ում 5 երեխաները ևս գյուղում են, վստահ է, որ գնացածները դեռ վերադառնալու են: Գյուղի ինքնապաշտպանությունն իրականացնում են 60-70 հոգով: «Ճիշտ է, ռուս խաղաղապահները հսկում են ճանապարհը, բայց մեր երեխաների խաղաղ քունը մենք ենք հսկում: Զենքը վայր դնել չենք պատրաստվում, որովհետև եթե Աղավնոն էլ Սուսի ու Բերձորի նման հայաթափվի, Ստեփանակերտը 4 կողմից կշրջապատվի թուրքերով: Մեր գյուղը մենք ենք պահելու, մեր գյուղապետարանի վրա մեր դրոշն է, այլ դրոշ չենք հանդուրժելու՝ սպիտակ, թե սև ազգի: Մահ իմացյալ անմահություն է»,- ասում է գյուղապետը:

Գյուղ Աղավնո
Գյուղ Աղավնո

Գյուղապետարանին դեռ գրավոր հրաման չի եկել գյուղը լքելու մասին, անգամ եթե գա, հրամանը կատարող չի լինելու: Սակայն Անդրանիկ Չավուշյանը նկատում է՝ հենց Արցախի իշխանությունները միտումնավոր հայաթափեցին Ստեփանակերտ տանող ճանապարհի բնակավայրերը. «Պաշտոնապես ասվում էր, թե Բերձորը, Սուսն ու Աղավնոն կմնան հայկական, սակայն ժողովրդին տրամադրում էին վառելիք, բեռնատարներ, ու ամեն ինչ անում, որ հեռանան: 4-5 օր է՝ լույս չունենք, ասում են՝ գնալուց առաջ ենթակառուցվածքները հրկիզելու հետևանքով է, սակայն այստեղ ես միտումնավորություն եմ տեսնում: Նույնը՝ կապի ու համացանցի հարցը: Այնպիսի տպավորություն է, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծում»,- տարակուսում է գյուղապետը:

Գյուղ Աղավնո
Գյուղ Աղավնո

Աղավնոն ունի դպրոց՝ Գարեգին Նժդեհի անունով: Այն առայժմ չի գործում, այս հարցում իշխանության աջակցությունն է հարկավոր: «Կառավարությունը պիտի ապահովի ուսուցիչների վերադարձը դպրոց, նրանց վճարի»,- ասում է գյուղապետը՝ հավատալով, որ դպրոցը շուտով կվերաբացվի:

Մնացած բոլոր հարցերում օգնում են անհատները, հասարակական կազմակերպությունները, ընկերները: Նրանց շնորհիվ սննդի ու պարենի պակաս չկա գյուղում: Սակայն Աղավնոյի հպարտ բնակիչները չեն ուզում անդադար օգնության սպասել: «Վաղվանից մեր անկոտրում հայ կանայք ժենգյալով հաց են թխելու, որը վաճառվելու է գյուղ եկող լրագրողներին, հյուրերին, գյուղով անցնող-դարձողներին: Սա խորհրդանշական արարողություն է, մենք պետք է մնանք ու արարենք մեր գյուղում»,- ասում է Անդրանիկ Չավուշյանը:

Գյուղ Աղավնո
Գյուղ Աղավնո

Պատերազմից փոքրիկ Աղավնոն մեծ կորուստներով է դուրս եկել՝ 1 զոհ, 3 անհետ կորած, 4 վիրավոր: Գյուղի արոտավայրերի ու վարելահողերի մեծ մասը հակառակորդի ձեռքն է անցել, սակայն հարազատ գյուղում ապրելու կամքը մնացել է անսասան: