Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Բազում անպատասխան հարցեր կան». Գ. Դանիելյան

391
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 00:15
«Բազում անպատասխան հարցեր կան». Գ. Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ԿՈՂՄԵՐԸ ԿԱՆԳ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԵՐՈՒՄ». սա արտացոլված է, այսպես կոչված՝ «Կրակը դադարեցնելու .... մասին» հայտարարության 1-ին կետով։ Բացի զբաղեցրած դիրքերից, Հայաստանը պարտավորվում է անարգել զիջել նաև Աղդամի և Քելբաջարի շրջանները։

Դեռ մի կողմ թողնենք այս միջազգային փաստաթղթի, մեղմ ասած, իրավական որոշակիության խոցելիությունը և այն պարտադիր վավերացման ենթակա լինելու պահանջը, սակայն դրանք, այնուամենայնիվ, անհրաժեշտ հսկողության բացակայության արդյունքում, անասելի անհանգստության տեղիք են տալիս։ Այսպես, մի կարճ ժամանակ շրջանառության մեջ դրվեց այն «լուրը», ըստ որի՝ Սյունքին հարող գյուղերը, որոնց տարածքներով անցնում է Գորիս֊Կապան ճանապարհը, ինչպես նաև օդանավակայանը պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Հետագայի համար եմ շեշտում, որևէ մեկը չի կարող պահանջել ազատելու այդ տարածքները, քանի որ դրանք՝ ա) ադրբեջանական կողմը ռազմական գործողություններով չի զբաղեցրել և բ) այդ տարածքները որևէ հեռավոր առնչություն անգամ չունեն Աղդամի կամ Քելբաջարի շրջանների հետ։ Ասվածը վերաբերում է նաև մյուս այլ, այդ թվում՝ Հադրութի այն բնակավայրերին, որոնք հրադադարի պահին չեն եղել ադրբեջանական զինված ուժերի անմիջական վերահսկողության ներքո։

Մեկ այլ օրինակ՝ հայտարարության 6-րդ կետի համաձայն, Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է վերահսկի բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմը, ուստի անհասկանալի է, թե ի՞նչ գործ ունեն այդ տարածքում ադրբեջանական զինվորականները, որոնցից անգամ որոշ հայ լրագրողներ հարցազրույցներ են վերցրել՝ մոռանալով հարցնել, թե ի՞նչ հիմքով են վերջիններս հայտնվել այդ տարածքում։ Նկատենք, որ Ադրբեջանը սոսկ երաշխավորում է անվտանգ երթևեկություն, այսինքն՝ ստանձնել է որևէ կերպ չմիջամտելու պարտավորություն, ոչ թե ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համահավասար վերահսկողության իրականացում։

Մի խոսքով, բազում անպատասխան հարցեր կան, իսկ հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է տեղերում լինել խիստ աչալուրջ և անհապաղ արձագանքել...»: