Երևան`   -6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.

ՀՀ նախագահը՝ British Petroleum-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ իր հարաբերությունների մասին

277
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 01:15
ՀՀ նախագահը՝ British Petroleum-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ իր հարաբերությունների մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է British Petroleum–ի հետ ժամանակին իր ունեցած հարաբերություններին:

«Իմ հարաբերությունները BP-ի հետ շատ պարզ են․ 2000-ականների սկզբին, երբ առողջությունս վերականգնեցի և այլևս պետական ծառայող չէի, ազատ մարդ էի, զբաղվում էի գործարարությամբ, ինչպես նաև ակադեմիական կյանքով, Քեմբրիջի համալսարանում իմ կենտրոնն ունեի, նաև խորհրդատվական ծառայություններ էի մատուցում:

Տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, միաժամանակ այդ տարիներին նաև գլոբալ էներգետիկ խորհրդի հիմնադիրն էի, հետո՝ նախագահը: Այդ խորհուրդը գործում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Երեք տարի լինելուց հետո ուրիշ նախագահներ եկան: Ինչ-որ իմաստով մասնագիտացած էի ժամանակակից տեխնոլոգիաների, տելեկոմի և էներգետիկայի ոլորտներում, և BP-ին ինձ առաջարկեց աշխատել իրենց հետ մեկ կոնկրետ ծրագրի շրջանակներում: BP-ն ծրագիր ուներ գնել ռուսական նավթային հսկա ТНК ընկերությունը: Նախ և առաջ, ես ճշտեցի մեր ռուս գործընկերների հետ, նրանք մեծ ցանկություն ունեին, ուրախ էին, որ ես պետք է լինեմ հենց այդ բանակցող-խորհրդատուն: Ես չէի բանակցում կոմերցիոն իմաստով, խոսքը քաղաքական տարրի մասին է: Ես լծվեցի այդ գործին: Ընդ որում՝ իմ պայմանագիրը շատ հստակ ասում էր, որ ես միայն ա՛յդ հարցով եմ իրենց հետ աշխատում, իմ պահանջով այդ պայմանագրի մեջ հատուկ կետ մտցվեց, որ որևէ մեկն ինձնից չի կարող նույնիսկ կարծիք հարցնել Կովկասի մասին, որովհետև ես այդտեղ շահերի կոնֆլիկտ ունեմ: Այսինքն՝ ես չեմ կարող անկողմնակալ կարծիք տալ, որովհետև հայ եմ, և Հայաստանն ինձ համար ամեն ինչից վեր է: Եվ որևէ մեկը նույնիսկ չի փորձել: 1-2 տարվա աշխատանքի արդյունքում՝ ոչ միայն BP-ի, այլև ռուսական կողմի հետ, ներառյալ Ռուսաստանի արտգործնախարարությունը, էներգետիկայի նախարարությունը, մենք հաջողությամբ ավարտեցինք: Պայմանագիրը ստորագրվեց 2003 թվականի հունիսի 23-ին, ռուս-բրիտանական մեծ բիզնես ֆորումի շրջանակում: Այն ժամանակ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ ջերմ էին։ Այդ ֆորումին, ստորագրմանը ես ներկա էի, ներկա էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, նաև BP-ի ղեկավարությունն ու ТНК-ի Միխայիլ Ֆրիդմանը, Վեքսելբերգը, Լեն Բլավատնիկը և մյուսները: Այդ օրը հաջողությամբ ավարտվեց, և դրանով ավարտվեց իմ գործունեությունը BP-ի հետ:

Մնացածը հիվանդագին, շատ ցանկալի, ֆինանսավորված ցանկությունների արդյունք է՝ կապել դա ինչ-որ բացարձակ հիմարությունների հետ»,- պատմել է նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: