Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պետք չի կարծել, թե հեղափոխությունը սխալ էր ու արհեստական». Կարպիս Փաշոյան

464
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 00:30
«Պետք չի կարծել, թե հեղափոխությունը սխալ էր ու արհեստական». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ Վարդուհի Իշխանյանը՝ Վազգեն Մանուկյանի կինը, ինձ մեղադրել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանին աջակցելու և հեղափոխական ճանապարհով նրան իշխանության բերելու մեջ։ Համանման մեղադրանքները բազմաթիվ են և ոչ միայն իմ ուղղությամբ, այլ նաև՝ հեղափոխության մի շարք այլ մասնակիցների։ Կարծում եմ արժի երկու բառով անդրադառնալ այս հարցին։
1. Ես չեմ փոշմանում հեղափոխությանը մասնակից դառնալու համար։ Դա սոցիալ-քաղաքական հանգամանքներով պարտադրված անհրաժեշտություն էր։
2. Երրորդ ժամկետ գնացող Սերժ Սարգսյանի հեռացումը այլընտրանք չուներ։
3. Չի կարելի նույնացնել համաժողովրդական շարժումն ու Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանը բոլորիս պես շարքային մեղսավոր է և կարող է ցանկացած պահի շեղվել հեղափոխական արժեքներից։ Իրականում նա շեղվել էր դեռ պատերազմից շատ առաջ, սրա մասին բազմիցս գրել եմ։ Այսինքն վարչապետի մեղքերով պայմանավորված ամենևին էլ պետք չի կարծել, թե հեղափոխությունը սխալ էր ու արհեստական։
4. Մենք՝ հեղափոխականներս, Նիկոլ Փաշինյանին երբեք չենք առաջարկել տապալել բանակցային գործընթացը, արկածախնդրության դիմել Տավուշում, խաթարել բանակցային ֆորմատն ու պատերազմ հրահրել։ Ընդհակառակը՝ դեռևս հեղափոխության օրերին, ի պատասխան ընդդիմախոսների, ես առանձին հոդվածով շեշտադրել եմ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանակցությունների սեղան նստի՝ հիմք ընդունելով ՀՀ միջազգային պարտավորություններն ու Մադրիդյան սկզբունքները։ Ավելին՝ ինչպես իմ, այնպես էլ շատ ընկերների կողմից խիստ քննադատության են արժանացել հակամարտության վերաբերյալ Փաշինյանի բոլոր անթույլատրելի հայտարարությունները, օրինակ՝ «Արցախը Հայաստան է և վերջ », Կապանի ասուլիսի ժամանակ բանակացային փատաթղթին պիտակումներ կպցնելը, Մյունխենյան սկզբունքեր հորջորջվող անհեթեթությունը և այլն։
Այսպիսով՝ մենք երբևէ Նիկոլ Փաշինյանին չենք լիազորել նմանատիպ քայքայիչ ու արկածախնդիր գործունեություն ծավալել, ընդհակառակը՝ անընդհատ բարձրաձայնել ենք այդ ամենի մասին։
Ինչպես բազմիցս եմ գրել հեղափոխության և Փաշինյանի նույնականացումը անթույլատրելի է։
Հեղափոխությունը պատմական անհրաժեշտություն էր, իսկ Փաշինյանը դատապարտվելու է այդ նույն պատմության կողմից համաժողովրդական շարժումը մսխելու և ժողովրդավարական արժեքները կազմաքանդելու, ինչպես նաև ամեն մի հանցավոր արկածախնդրության համար։
Եզրափակենք՝ ես պատասխանատվություն եմ կրում հեղափոխության համար և որևէ կերպ չեմ հրաժարվում դրանից։ Լավ ենք արել, ճիշտ ենք արել։