Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

«Այլևս ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է կարևոր, այլ ՀՀ իշխանությունը պահելը կամ ստանալը»․ Արթուր Սաքունց

321
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 04:25
«Այլևս ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է կարևոր, այլ ՀՀ իշխանությունը պահելը կամ ստանալը»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանց ինքնիշխանության, առանց ժողովրդավարության, առանց մարդու արժանապատվության ապահովման, իշխանության իմաստը կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, ի վերջո։ ՀՀ-ում գործում է ՀՀ Սահմանադրության անփոփոխելի հանդիսացող 1-ից 3 հոդվածները․
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները․
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Թե՞ արդեն ՀՀ սահմանադրությունը փոխարինվել է եռակողմ hայտարարությամբ, և այլևս ՀՀ սահմանադրական կարգի հիմքը որոշվում է եռակողմ hայտարարության տեքստով և այդ տեքստի հեղինակի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ցանկությամբ։
Այլևս ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է կարևոր, այլ ՀՀ իշխանությունը պահելը կամ ստանալը, հա՞․․․
Բայց եթե ինքնիշխանությունը երաշխավորված չէ, ապա ինչի՞ համար է պետք իշխանությունը»։