Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաց Մոսկվա պատերազմի օրերին. ՀԱԿ փոխնախագահի պարզաբանումը

406
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 22:10
Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաց Մոսկվա պատերազմի օրերին. ՀԱԿ փոխնախագահի պարզաբանումը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, թե ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաց Մոսկվա և ինչո՞ւ էր ուզում գնալ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին վարչապետի խոսնակը հայտարարել էր, թե ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն էին հայտնել գնալ Մոսվկվա՝ պատերազմի հարցում բանակցելու, ինչին, խոսնակի խոսքով, իրենք չէին կարող խոչընդոտել:

Լևոն Զուրաբյանը եթերի ընթացքում թեման ներկայացրել է իրենց դիտակետից. «Ինչ-որ մի պահ, երբ արդեն պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված, և ասեմ Ձեզ՝ դա շատ արագ եղավ: Այդ հեքիաթները, որ բեկում, չգիտեմ ինչ․․․ շատ արագ բոլոր լուրջ մարդիկ հասկացան, որ պատերազմը, մենք էն գլխից գիտեինք, որովհետև հետևում էինք այդ սպառազինություններին, մենք հասկանում էինք, որ անհավասար պատերազմում, այդ աջակցության պայմաններում հնարավոր չէ, այսինքն՝ այստեղ մենակ ռազմական հարցերը չեն, աշխարհաքաղաքական ճնշումների, այդ կոնկրետ իրողությունների մեջ հնարավոր չէր պատերազմում հասնել հաղթանակի: Դա ակնհայտ էր: Ինչ-որ պահից և՛ Արայիկ Հարությունյանը դրա մասին բարձրաձայնեց, և՛ Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները դրա մասին բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար: Եվ դրա համար, այո՛, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել»:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակն ասել է, որ իրենք համաձայն են եղել, Զուրաբյանն ասաց. «Դա էլ է ցույց տալիս, որ նա ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, որքան էլ հանգեն այդ մարդուն, առանց համապատասխան լիազորությունների։ Նրանք դրա ժամանակը չունեն․․․: Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեն տալիս։ Այսինքն՝ բոլոր դրվագներում այդ անպատասխանատու, կյանքից կտրված, իրողություններից կտրված, ինչ-որ սեփական երազանքների մեջ ապրելու իր ձգտումը ցույց տվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաց Մոսկվա պատերազմի օրերին. ՀԱԿ փոխնախագահի պարզաբանումը