Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

«Նոր պատերազմի մասին». Հայկ Մարտիրոսյան

230
Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 16:35
«Նոր պատերազմի մասին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր պատերազմի մասին. բոլոր վերլուծությունները բերում են այն անհերքելի եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետության դեմ նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական բանակի հարձակում՝ նախ Զանգեզուրի կտրման, ապա նաև դեպի Երևան արշավելու նպատակով։ Ընդ որում՝ թշնամու պլաններում հստակորեն առկա է առնվազն երկու ճակատների բացում՝ մեկն արևելքի այլևս լիովին անպաշտպան հատվածից, իսկ մյուսը՝ հարավ-արևմուտքից՝ Նախիջևանի գծից։

Սա լավագույն փուլն է Թուրքիայի և Ադրբեջանի համար այդ հարյուրամյա ծրագիրն իրագործելու և երկուսն էլ դա շատ լավ են հասկանում։

Միաժամանակ նման հարձակման պարագայում ռուսական ուժերը կա՛մ անկարող են լինելու միջամտել, կա՛մ միջամտելու են ուշացումով։ Բացառված չեն և քաղաքական պրոցեսները, որոնք կարող են կա՛մ այդ օպերացիայի պլանն իրականություն դարձնել և կա՛մ կանխել։

Ամեն դեպքում դրա իրականացման ռիսկն այսօր անասելիորեն մեծ է։ Հայաստանն ու հայությունն այսօր կանգնած են հիմնահատակ կործանման եզրին։ Սա գոյութենական խնդիր է։

Այդ ռազմական արշավը, որն անհնար է լինելու այս վիճակում, այսպիսի ներսից կազմաքանդված բանակով, այսպիսի բարոյալքմամբ և այսպիսի գերագույն, գլխավոր «հրամանատարով» կասեցնել, եթե տեղի ունենա, անպայմանորեն հաջողության է հասնելու։

Եվ նաև հենց դրա համար է, որ ի սկզբանե կանխորոշվածությամբ պարտված և այլևս որևէ զինվորի մոտ վստահություն չվայելող ազգային դավաճանը պետք է արագորեն հեռանա։

Արդյո՞ք նա չի կառչել իշխանությանը, որ Հայաստանը վերջնականապես գրավելուն և ոչնչացնելուն միտված այդ նախապատրաստվող օպերացիան էլ թշնամու համար հաջողությամբ պսակի։

Քանի որ համոզված եմ, որ դավաճան է և համոզված եմ, որ դա արել է անձնական շահադիտական մղումներից ելնելով՝ ամեն գնով այս անհնար իրավիճակում իր կառավարումը պահպանելը կարելի է միայն դրանով բացատրել»։