Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հուսով ենք՝ տևական խաղաղությունը մեր տեսադաշտում է»․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

3394
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 11:35
«Հուսով ենք՝ տևական խաղաղությունը մեր տեսադաշտում է»․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա հակամարտության առնչությամբ
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը և մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Մենք մշտապես ասել ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում և խորապես ցավում ենք վերջին շրջանի գործողությունների հետևանքով անհարկի կորսված կյանքերի համար, այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում։ Իրավիճակի զարգացմանը և նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության մասին ավելին իմանալուն զուգընթաց մենք պետք է անդրադարձ կատարենք թափանցիկ խաղաղության ապահովման հարցում միջազգային հանրության և ԵԱՀԿ-ին վերապահվող դերակատարմանը։
Տեղում տիրող հումանիտար իրավիճակը բոլորիս համար խիստ մտահոգիչ է։ Մենք վերահաստատում ենք կողմերին երկուստեք ուղղված հրատապ կոչերը՝ հետևելու հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, որը կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 17-ին, ապա նաև հոկտեմբերի 25-ին։ Մենք նաև կողմերին երկուստեք կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված քայլերը։
Մենք կողմերին կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական կառույցները։ Քաղաքացիական անձանց, այդ թվում խոցելի խմբերի՝ տարեցների ու երեխաների մասշտաբային տեղահանությունները գլոբալ համավարակի ընթացքում և ձմռան նախաշեմին գրեթե անկասկած հանգեցնելու են անհարկի հումանիտար ճգնաժամի։
Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսման, խուսափել հրահրիչ հռետորաբանությունից և գործողություններից, օգտագործել բախումների դադարեցման ընձեռած հնարավորությունը տևական խաղաղություն կերտելու նպատակով։ Արտաքին ուժերին հորդորում ենք գործել պատասխանատու կերպով և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նորովի բախումներ հրահրել կամ առավել սրել տարածաշրջանային լարվածությունները։
Այս հակամարտությունը չափից դուրս երկար է շարունակվում։ Հակամարտության ազդեցության գոտում ու տարածաշրջանում գտնվող մարդիկ շատ բարձր գին են վճարում դրա համար։ Հուսով ենք, որ տևական խաղաղությունը մեր տեսադաշտում է։ Վստահ ենք, որ Մինսկի խումբը պատրաստ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատև խաղաղության հաստատմանը։