Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ժնևում հանդիպման փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով». ԱԳՆ խոսնակ

325
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 22:55
«Ժնևում հանդիպման փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով». ԱԳՆ խոսնակ

«Այս պահին, երբ տեղի է ունենում այս ճեպազրույցը, տեղի է ունենում Արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի՝ Սեյիդ Աբաս Արաղչիի հետ»,- այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող է տրամադրել հանդիպման ավարտից հետո։

Հարցին՝ թե ինչո՞ւ է հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը հետաձգվել, Աննա Նաղդալյանն ասաց․ «Հանդիպման փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով, և հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»։

Աննա Նաղդալյանը նշեց, որ հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։