Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Պատերազմի և իրականության սահմանը». Նաիրի Հոխիկյան

377
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 07:50
«Պատերազմի և իրականության սահմանը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի և իրականության սահմանը․
Ավելի քան 1 ամիս հայկական բանակը հերոսաբար դիմադրում է ադրբեջանաթուրքական զորքի և ահաբեկչական խմբավորումների դեմ։ Անհավասար մարտում մեր կողմից զոհերի թիվը պաշտոնապես, ցավոք, արդեն գերազանցում է 1000-ը, թշնամու մարդկային կորուստները առնվազն 6-7 անգամ շատ են, ոչնչացվել է թշնամական ռազմական ծանր տեխնիկայի 55-60%-ը։ Առաջին օրերի համեմատ, պատերազմն այժմ ավելի դասական բնույթ է ստացել, ինչը էական առավելություն է տալիս հայկական կողմին։
Ռազմի դաշտից բացի, խոշոր մարտեր են նաև տեղեկատվական-հոգեբանական ճակատում։ Թշնամին այստեղ ևս բավական լավ է պատրաստվել՝ ամեն կերպ փորձելով նախ բարոյահոգեբանական ճգնաժամ ստեղծել հայկական կողմի թիկունքում՝ հանրության մեջ։ Նաև դա է պատճառը, որ վերջին օրերին եղան մարդիկ, որոնք ինձ մեղադրեցին գործ անելու փոխարեն անտեղի ոգևորող ստատուսներ գրելու մեջ։
Քանի որ հիմա ես չունեմ լայն հնարավորություն ռազմական լրագրության ոլորտում իմ փորձն ու հմտությունները Արցախում իրականացնելու առումով, հետևաբար իմ ստացած և մշակած տեղեկություններն ու վերլուծությունները ստիպված եմ ներկայացնել սոցիալական հարթակներում։ Բայց նաև պետք է խոստովանեմ, որ պարտադիր չեմ համարել պատերազմի սկզբում մոտ 20 օր Արցախում մեր ոչ լրագրողական կամավորական ջոկատի իրականացրած առաջադրանքների մասին խոսել, քանի որ մենք դա արել ենք պարտքի զգացումով։ Առաջիկա օրերին ամեն դեպքում վավերագրական ֆիլմի տեսքով կպատմեմ այդ մասին։ Օրեր անց նորից կմեկնենք Արցախ՝ կատարելու այլ անհրաժեշտ առաջադրանքներ։
Ինչ վերաբերում է պատերազմի դաշտից եկող լուրերին, ապա միշտ պետք է հաշվի առնել՝ ամեն ինչ չէ, որ պետք է միանգամից հայտնի դառնա հանրությանը։ Ռազմադաշտի իրականության ընդամենը 5-10%-ի մասին ենք մենք իմանում, քանի որ կան ռազմավարական կարևորության խնդիրներ ու գործողություններ, որոնց մասին ժամանակից շուտ խոսելը ճիշտ չէ։ Դա էլ հաճախ իր հետ բերում է հանրային անվստահության՝ «եթե չեն ասում, ուրեմն գործերը լավ չեն» ձևակերպմամբ։ Եթե չեն ասում, ապա պլաններ են մշակվում, քանի որ պատերազմը 1-2 օրում չի ավարտվում։ Երեկվա նահանջը վաղը կարող է վերածվել հարձակման, բայց դրա մասին թշնամին չպետք է իմանա։
Մեկ իրողություն, որը լավագույն միջոցն է պատերազմի և իրականության սահմանը հասկանալու համար։ Երբեք մի կուրացեք մոտ օրերի հաղթանակի պաթոսով, ոչ էլ խուճապի մեջ ընկեք թշնամու հայտարարություններից։ Երկուսն էլ վտանգավոր են։ Իրականությունը դաժան և ծանր պատերազմն է՝ փոփոխական հաջողություններով։ Կհաղթի նա, ով ունի ավելի ամուր նյարդեր և մարտական ոգի։ Խնայե՛ք ձեր նյարդերը և բարձր պահեք հաղթանակի հասնելու ոգին»: