Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումը

325
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 16:00
Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Ռազմական դրության ժամանակահատվածում աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման մասին կառավարության որոշումը.

Ըստ այդմ՝ որոշվել է սահմանել պետական կառավարման մարմինների, պետական կազմակերպությունների ու հիմնարկների աշխատողների՝ ռազմական դրության ժամանակահատվածում վարձատրության հետևյալ չափանիշները.
1) Արցախի Հանրապետության տարածքում գտնվող՝
ա. տվյալ ամսում աշխատած աշխատակիցներին վճարվում է աշխատավարձ՝ համաձայն հաստիքային ցուցակի: Դրանից բացի յուրաքանչյուր մարմնում ձևավորվող պարգևատրման ֆոնդից աշխատակցին վճարվում է նաև պարգևատրում՝ մարմնի ղեկավարի կողմից որոշված չափով:
Պարգևատրման ֆոնդի չափերն են տվյալ ամսում սույն ենթակետի համաձայն վճարվող աշխատավարձի ֆոնդի.

  • առողջապահության համակարգում՝ 75 տոկոսը,
  • ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում, ԱՀ ոստիկանությունում, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում՝ 50 տոկոսը,
  • մյուս մարմիններում՝ 25 տոկոսը:

բ. տվյալ ամսում չաշխատած աշխատակիցներին վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով,
գ. զորահավաքային զորակոչի միջոցով կամ կամավորական հիմունքներով զինվորական ծառայության անցած, ինչպես նաև աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով:
2) Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի ՆՀ-465-Ն հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկած՝
ա. ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցներին փաստացի աշխատած օրերի հաշվարկով վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, իսկ չաշխատած օրերի համար վճարվում է սույն կետի բ ենթակետում նշված փոխհատուցումը՝ չաշխատած օրերի համամասնությամբ.
բ. չաշխատած աշխատակիցներին վճարվում է 100 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում (բժշկական համակարգի աշխատողներին վճարվում է 68 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում), բացառությամբ այն աշխատակիցների, որոնց առձեռն ստացվող եկամուտը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը: Վերջիններիս վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով:
3) Արցախի Հանրապետության տարածքից Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի ՆՀ-465-Ն հրամանագրի խախտմամբ դուրս եկած, ինչպես նաև առանց մարմնի ղեկավարի համաձայնության Արցախի Հանրապետության տարածքից բացակայող արական սեռի աշխատողները չեն վարձատրվում:
2. Ֆինանսավորման հայտերը Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելիս կցվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված չափանիշների համաձայն կազմված աշխատողների ցանկը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես: