Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Արցախի նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին». Նաիրի Հոխիկյան

396
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 06:10
«Արցախի նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին.
Հարց 1. Ինչո՞ւ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին՝ օգնության խնդրանքով:
- Այս հարցը չի առաջանա այն մարդկանց մոտ, ովքեր պատերազմի 27 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում ականատես եղած լինեն մարտերին ու տեսած լինեն թշնամու դեմքը: Իսկ մեր թշնամին մեկ դեմք չունի՝ ադրբեջանցի, թուրք, ահաբեկիչ, այլ դեմքեր ևս, որոնք դեռ ճշգրտման կարիք ունեն: Հայկական բանակը փաստացի կռվում է երկու պետության և աշխարհը տակնուվրա արած ահաբեկչական խմբավորումների դեմ:
Այդպիսի պայմաններում հայ զինվորը հերոս է բոլոր առումներով, բայց թանկ է մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը, և նորմալ է, որ քաղաքական ղեկավարությունը աջակցություն է ակնկալում դաշնակից երկրից:
Հարց 2. Ինչո՞ւ ենք հիմա դիմում աջակցության համար, եթե հնարավոր էր ավելի վաղ:
- Դիվանագիտությանը մարդիկ հաճախ նայում են կենցաղային հարաբերությունների մակարդակով՝ զանգեցինք ՌԴ նախագահին, նա էլ որոշեց օգնել կամ չօգնել: Այդպես չէ: Համաշխարհային քաղաքականությունը շատ ավելի խորն ու բազմակողմանի է, քան մեր առօրյա կյանքում ընկերների ու հարևանների հետ շփումները: Հայաստանի (Արցախը Հայաստան է) և Ռուսաստանի կուլիսային շփումները և բանակցությունները երբեք չեն դադարել, այլ հարց է, որ յուրաքանչյուր պետություն, հատկապես մեծ պետություն իր շահերն ունի, և նրան ժամանակ է պետք կողմնորոշվելու և վերջնական որոշումներ կայացնելու համար: Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց քաղաքականության մեջ կան շահեր անգամ դաշնակցային հարաբերություններում:
Հարց 3. Ինչո՞ւ այսքան կորուստ ունեցանք, եթե պիտի ռուսների աջակցությամբ լուծենք հարցը:
- Հայկական կողմի զոհերը մեր պետականության համար են: Եթե նրանք չզոհվեին, թշնամին կարող էր լինել նաև Երևանի մատույցներում: Ոչ մի բարեկամ երկիր մեզնից ավելի շատ չի մտահոգվում մեզ համար, հետևաբար հայ զինվորը սահմանին կանգնած է մեզ համար, հայ ժողովրդի համար: Վաղը, եթե խաղաղապահներ գան, կրկին հայ զինվորն է լինելու Հայաստանի (Արցախը Հայաստան է) անվտանգության երաշխավորը:
Հարց 4. Ե՞րբ կգան խաղաղապահները կամ ռուսական աջակցությունը.
- Ոչ ոք չի կարող ասել, որ նրանք կգան կամ թե երբ կգան: Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դեմ հայկական բանակի պատերազմը շարունակվում է, և որքան շատ է հայ զինվորը ոչնչացնում թշնամուն, այնքան ամրանում են մեր դիրքերը հնարավոր խաղաղապահների կամ այլ բանակցությունների ֆոնին: Ռուս խաղաղապահների գալ-չգալու մասին որոշումը կարող է կայացվել շաբաթների, ընդհուպ ամիսների ընթացքում, հետևաբար մենք պետք է կարողանանք հնարավորինս ամուր պահել մեր սահմանները, ազատագրել այն հատվածները, որտեղ հիմա ներխուժել է թշնամին»: