Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լենա Նազարյանը դիմում է սփյուռքահայերին

314
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 19:55
Լենա Նազարյանը դիմում է սփյուռքահայերին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սփյուռքի սիրելի՛ բարեկամներ,
Շատերդ այս օրերին նորից համախմբված ու ուժերի գերլարումով անում եք ամեն ինչ հայրենիքին՝ Արցախին, հարազատներին օգնելու համար: Ձեր ջանքերն ակնառու են, արդյունավետ ու շատ գնահատված:
Տեսնելով, որ ձեր անելիքներից որպես մի կարևոր ուղղություն նախաձեռնել եք ձեր բնակության վայրում տեղական ու պետական կառավարման մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու պահանջ, ներկայացնում ենք որոշման նախագծի ՏԱՐԲԵՐԱԿ, որն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող եք օգտագործել ձեր ասելիքը ներկայացնելու համար:
Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում և այլ ազգային կամ վերազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ու որոշումների ընդունմանը, կնպաստի հազարավոր մարդկանց անվտանգության և կյանքի իրավունքի ապահովմանը։
Տեքստում նշված որոշումների ցանկն ամեն օր կթարմացվի՝ այս գրառումը խմբագրելու միջոցով:
Ովքեր պատրաստ են ներքոնշյալ տեքստը թարգմանել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով, խնդրում եմ գրել անձնական նամակ կամ մեկնաբանություն:
***
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։
Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:
Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում՝ մասնավորապես կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և երկարաժամկետ վնաս հասցնելու համար: Հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորվել է անմարդկային վերաբերմունք. գլխատում և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել և հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին:
Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետևում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջևում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։
Այսօր, ավելի քան երբևէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական և պետական կառավարման մարմիններ, առերեսելով պահի հրամայականը և գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, որպես նրանց անվտանգության և կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը, ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։
Մասնավորապես տեղեկանում ենք, որ.
✅հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում,
հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում,
✅հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում,
✅հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին,
✅հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա,
✅հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև,
✅հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
✅հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
✅հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,
✅հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին,
✅հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև,
✅հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում,
✅հոկտեմբերի 21-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ,
✅հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:
✅հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։
Ստորև ներկայացված տեքստը կարող է ծառայել որպես որոշման ՆԱԽԱԳԾԻ ՆՄՈՒՇ այս տեսքով, լրամշակումներով կամ կրճատումներով։
---
Հաշվի առնելով որ,