Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հակամարտության կարգավորման դիվանագիտական տարբերակից բացի այլ տարբերակ չենք տեսնում»․ Պեսկով

753
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 15:20
«Հակամարտության կարգավորման դիվանագիտական տարբերակից բացի այլ տարբերակ չենք տեսնում»․ Պեսկով

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի մասին պայմանավորվածությունները չեն կատարվում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ չի կարելի արձանագրել, որ կրակի դադարեցման և հումանիտար դադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են։ Ցավոք, դրանք չեն պահպանվում կողմերի կողմից»,- ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվանագիտական տարբերակից բացի այլ տարբերակ չի տեսնում։ «Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայիս իրավիճակը բերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման դաշտ։ Ինչպես նախկինում, այժմ էլ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում երրորդ երկրի ներգրավումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնության դեպքում: «Ինչ վերաբերում է կարգավորման ձևաչափին երրորդ երկրի մասնակցությանը, դա ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից։ Նրանք երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է նա՝ պատասխանելով Թուրքիայի ներգրավման հնարավորության մասին հարցին։

Երեկվա եթերում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ԼՂ հարցն այս փուլում և այս փուլից սկսած երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի: