Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Աշխարհի միակ հայը, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը». Սեյրան Գրիգորյանը՝ Արտակ Բեգլարյանի մասին

510
Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 03:00
«Աշխարհի միակ հայը, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը». Սեյրան Գրիգորյանը՝ Արտակ Բեգլարյանի մասին

Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
1995 թվականի ապրիլի 7-ն էր։ Ստեփանակերտցի մի երեխա, որի յոթ տարին նոր պիտի լրանար, խաղում էր իրենց բակում։ Պատերազմը մի տարի առաջ էր ավարտվել։ Հանկարծ չպայթած մի ական պայթեց, և տղան ստացավ դեմքի ծանր վիրավորում։ Շուտով պարզվեց, որ նա անդառնալորեն կորցրել է տեսողությունը…
Երեխային տեղափոխեցին Երևան։ Նա սովորեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, տիրապետեց բրայլյան գրին։ Ավարտեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Լոնդոնի համալսարանական քոլեջը և ԱՄՆ Թաֆթսի համալսարանը։
Դեռ պատանի՝ այս պատմության հերոսը որոշել էր, որ կարող է և պետք է հաղթահարի ճակատագրի կողմից իրեն նետված մարտահրավերը։ Մասնագիտական կրթություն ստանալուց հետո նա արյան կանչով վերադարձավ Ստեփանակերտ։ Դասավանդեց Արցախի պետական համալսարանում, պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, աշխատեց պետական հաստատություններում։ Ամուսնացավ և ունեցավ չքնաղ դստրիկ։
Կյանքի բարձունքները հաղթահարած հերոսը 2013 թվականին բարձրացավ Արարատ լեռան գագաթը, որտեղ երկինք պարզեց Հայաստանի և Արցախի պետական դրոշները, ապա երգեց «Դլե յաման» երգը։ Նա աշխարհի միակ հայը, հավանաբար նաև միակ մարդն է, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը։ «Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է»,- խոստովանել է այս վիպական հերոսը։
Նրա անուն-ազգանունն է Արտակ Բեգլարյան։ 2018թ. Արտակը ընտրվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան և այսօր էլ ռմբակոծությունների տակ կատարում է իր պարտականությունները, անում հետազոտություններ և հղում աշխարհին, հարցազրույցներ տալիս հայ և արտասահմանյան լրագրողներին»։