Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Արցախի ողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի. ԼՀԿ

889
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 09:55
Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Արցախի ողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի. ԼՀԿ

Էդմոն Մարուքյանը տարածել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ցեղասպանության և հումանիտար աղետի կանխարգելմանն ուղղված ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի զինված ուժերի հետ համագործակցությամբ, վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համագործակցությամբ, արդեն 20 օրից ավել օդուժի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ թիրախավորում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտները, օգտագործում միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, ինչպես նաև սպանում (այդ թվում՝ գլխատման միջոցով) ռազմագերիներին, կատարում այլ պատերազմական հանցագործություններ և իրականացնում Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բնակչության էթնիկ զտում։

Այս գործողությունների արդյունքում իրական է դարձել վտանգը, որ նոր ցեղասպանություն կիրագործվի ցեղասպանության արհավիրքը վերապրած ազգի դեմ։ Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ողջ տարածքում հայտարարել և բոլոր միջոցներով պարտադրել ոչ թռիչքային գոտի (no-fly zone | бесполетная зона | zone d'exclusion aérienne)՝ բոլոր տեսակի թռչող սարքերի համար, ինչը հնարավորություն կտա կանխել պատերազմական հանցագործությունների հետագա ընթացքը և բացառել հումանիտար աղետի հետևանքները։

Միաժամանակ, կոչ ենք անում ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային և ԱՄՆ-ին աջակցել այս առաջարկության ընդունմանը, իրականացմանն ու պարտադրմանը։

Դիմում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարին և ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչին, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացվի Արցախի տարածքում ոչ թռիչքային գոտի հայտարարելու առաջարկությունը»: