Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը կրկին խախտելու վերաբերյալ

2496
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 17:30
ԱՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը կրկին խախտելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունն Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը կրկին խախտելու վերաբերյալ

Խստագույն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ից:

Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հենց առաջին օրը, ադրբեջանա-թուրքական ուժերը առաջնագծի տարբեր հատվածներում երեք անգամ խախտել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի երկու կողմերում էլ: Ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում՝ հյուսիսային ուղղությամբ, իսկ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը հրթիռահրետանային գնդակոծության է ենթարկել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերը: Առավոտյան ժամը 07:20-ին՝ հրետակոծությունից հետո, ադրբեջանա-թուրքական ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել առաջնագծի հարավային հատվածում՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ, Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի երկայնքով:

Ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հերթական անգամ Ադրբեջանը և Թուրքիան ցուցադրել են, որ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները և, ընդհանուր առմամբ, բանակցությունները շարունակում են դիտարկել բացառապես հակամարտության ռազմական լուծման համատեքստում:

Միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակությունը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը:
Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում: