Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանի ագրեսիան դարձել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք». Զ. Մնացականյան

791
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 16:40
«Ադրբեջանի ագրեսիան դարձել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք». Զ. Մնացականյան

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ու հատկապես իր գործընկերոջը՝ ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար։
«Մենք մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ ունենք բարձր մակարդակի փոխհասկացվածություն, ինչը վկայում է հայ–ռուսական հարաբերություններում բարձր մակարդակի գործընկերության առկայության մասին։ Արցախյան հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի է վերածվել»,- ասել է Մնացականյանը։
«Սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում, ընդ որում բացահայտ ցուցադրելով իր իրական նպատակները՝ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծել և բնաջնջել արցախցիներին։ Ադրբեջանի այդ ցեղասպան գործողությունները չեն տարբերակում քաղաքացիական ու զինվորական անձանց, ավելին՝ թիրախավորում են հատկապես խաղաղ բնակչությանը։ Վիրավորվել են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի»,- հայտարարել է նա։
Նախարարը նաև հավելել է, որ պետք է անհապաղ դադարեցվեն ռազմական գործողությունները և Ռուսաստանն այդ գործում մեծ դեր ունի։
«Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է։ Մենք շարունակելու ենք անել ամեն ինչ՝ ապահովելու արցախցիների անվտանգությունը՝ տարածաշրջանը մաքրելով ահաբեկիչներից»,- հավելել է Մնացականյանը։