Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չգիտեի, որ գնում ենք կռվելու». սիրիացի վարձկանի սենսացիոն հարցազրույցը #BBC-ին

1851
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 03:00
«Չգիտեի, որ գնում ենք կռվելու». սիրիացի վարձկանի սենսացիոն հարցազրույցը #BBC-ին

«Ես չգիտեի, որ մենք գնում ենք կռվելու», այս խոսքերով է Աբդուլլահն (անունը փոխված) սկսել իր զրույցը BBC-ի արաբական ծառայության լրագրողի հետ։
Աբդուլլահը մեկն է 17-30 տարեկան հարյուրավոր սիրիացի քաղաքացիներից, որոնք անցյալ չորեքշաբթի օրվանից տեղափոխվել են՝ կռվելու ադրբեջանական զորքերի կազմում։
Նա, ինչպես և Հս Սիրիայի բնակիչների մեծ մասն, ունի ապրուստի խնդիր։ Այդ պատճառով նա համաձայնել է աշխատել Ադրբեջանում՝ ամսական 2000 դոլարով, որպեսզի բարելավի իր բնակարանային պայմաններն ու իր ընտանիքի կենսապայմանները, սակայն չի իմացել, թե ինչ է իրեն սպասվում այնտեղ։
«Ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի Համզա ստորաբաժանման հրամանատար Սաիֆ Աբու Բաքրը մեզ առաջարկել է մինչև 2000 դոլար ամսավճարի դիմաց գնալ Ադրբեջան՝ սահմանին գտնվող ռազմական օբյեկտները պահպանելու համար։ Այդ ժամանակ պատերազմ չկար։ Տեղափոխվելուց առաջ վերցրեցին հեռախոսներն ու հագուստները, որպեսզի մեր ինքնությունը չբացահայտվի»,- պատմել է Աբդուլլահը։
Նա կարողացել է վերադարձնել իր հեռախոսը, որպեսզի կապ հաստատի ընտանիքի հետ, բայց այժմ վստահ չէ, որ կրկին կտեսնի հարազատներին:
«Հետո մեզ տեղափոխեցին Թուրքիայի հարավում գտնվող Այնթապի օդանավակայան, որտեղից մեկնեցինք Ստամբուլ, իսկ հետո «Ադրբեջանական ավիաուղիներ»-ով մեզ տեղափոխեցին Ադրբեջան»,- հավելել է Աբդուլլահը։
Նա լրագրողին պատմել է նաև, որ իրենք հագել են ադրբեջանական համազգեստ, և իրենցից յուրաքանչյուրը զինված է եղել ընդամենը մեկ զենքով (Կալաշնիկով ինքնաձիգով)։
«Մեքենան կանգ առավ, և մենք զարմացանք, որ հայտնվել ենք կռվի դաշտում, նույնիսկ չգիտեինք, թե որտեղ է թշնամին։ Երբ նրանք սկսեցին ռմբակոծել մեզ, երիտասարդներն սկսեցին վախից լաց լինել և ցանկանում էին վերադառնալ իրենց բնակավայր»,- պատմել է Աբդուլլահը։
Նա նաև հավելել է, որ տեսել է 10 սիրիացիների մարմինները, իսկ մնացած յոթանասունը վիրավոր են եղել՝ առանց անհրաժեշտ բժշկական օգնության:
Աբդուլլահը նաև պատմել է, որ փորձել են հրամանատարին հայտնել Սիրիա վերադառնլու ցանկության մասին, սակայն նրանց չեն թույլատրել։ Առաջնագծում չկռվելու դեպքում սպառնացել են երկարաժամկետ ազատազրկմամբ։