Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

«Կրակի վրա յուղ չլցնել». Կրեմլը կոչով դիմել է Թուրքիային

554
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 19:40
«Կրակի վրա յուղ չլցնել». Կրեմլը կոչով դիմել է Թուրքիային

Կրեմլում վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտող Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակին, և կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ձևաչափին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլը, նախևառաջ, ելնում է կրակի և մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից։ Ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարություն, միանշանակ, յուղ է լցնում կրակին։ Մենք կտրականապես դեմ ենք դրան, և համաձայն չենք հարցի նման ձևակերպման հետ: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսին է Թուրքիան, անել ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերին համոզենք դադարեցնել կրակը և վերադառնալ այդ երկարատև հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ «ռուսական կողմը մշտապես կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ տարբեր մակարդակներում. «Մենք հավաքում ենք ամբողջ տեղեկատվությունը շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հետևում ենք բոլոր հայտնվող լուրերին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում այդ տեղեկատվությունը մեր ապագա դիրքորոշումը ձևավորելու և հետագա քայլերը որոշելու համար՝ ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին...: Իհարկե, պետք է հասկանալ, որ լինելով ԵԱՀԿ խմբի պատասխանատու համանախագահ՝ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես և մյուս համանախագահները, պարտավոր է հավասարակշռված դիրքորոշում ընդունել, որը զուրկ կլինի որևէ արկածախնդրությունից»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները խորը վերլուծության թեմա են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ):
«Այս իրավիճակը, ներկայիս ռազմական գործողությունները շփման գծում, կազմակերպության համար խորը վերլուծության թեմա է։ Մնացած ամենում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ ելնելով բացառապես այն հանգամանքից, որ դա չափազանց զգայուն հարց է, որտեղ պետք է բոլորը պահպանեն բացարձակ ճշգրտություն ու զգուշավորություն»,-ասել Է Պեսկովը։