Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին

676
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 19:30
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին

Ալ Արաբիա. Ինչո՞ւ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։
Զոհրաբ Մնացականյան․ Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է: Այս տարիների ընթացքում և, հատկապես, վերջին ամիսներին նրանք բավական հետևողական կերպով սպառնում էին ուժի կիրառմամբ: Հուլիսից հետո շատ ագրեսիվ հռետորաբանությունը զուգակցվում էր ագրեսիվ գործողություններով, որոնք վկայում էին ռազմական էսկալացիայի մասին, և այսօր նրանք համարձակվեցին գնալ այդ ուղղությամբ, ուժ կիրառել և հետամուտ լինել ռազմական լուծմանը, որը Հայաստանը և Արցախը կտրականապես մերժում են: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շատ հետևողական են եղել այն հարցում, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք լիովին պատրաստ ենք և միանգամայն վճռական ևս մեկ անգամ հետ մղելու ագրեսիան: Մի ագրեսիան սանձազերծվեց 2016թ., և ևս մեկը՝ 2020թ.-ին, իսկ այժմ սա հակամարտության համար ռազմական լուծում գտնելու, ռազմական լուծման հանգեցնելու նրանց երրորդ փորձն էր: Սա նորից ետ կշպրտվի, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վճռականությունը եղել է ու կմնա շատ ամուր:
Ալ Արաբիա. Հայաստանը հայտարարում է, որ Թուրքիան ագրեսիվ կերպով միջամտում է հակամարտությանը։ Ձեր կարծիքով, կա՞ն արդյոք ներգրավված այլ երկրներ։
Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան գործում է ծայրաստիճան ապակայունացնող կերպով, ծայրաստիճան թշնամական դիրքերից: Սա նոր զարգացում է այս հակամարտության մեջ, երբ նրանք շատ ագրեսիվ կերպով դիրքավորվել են Հայաստանի և Արցախի դեմ. նրանք ռազմական տեխնիկա են մատակարարում Ադրբեջանին, վերջին ամիսներին զորավարժություններ են անցկացրել, սարքավորումներ են տեղափոխել այնտեղ: Մենք օդում նկատում ենք թուրքական ռազմական ինքնաթիռներ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հարևանությամբ: Մենք ահաբեկիչների հավաքագրման մասին շատ անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում այն վայրերից, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից Սիրիայում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում ռազմական ներկայության ուժեղացմանը, և սա նույնպես ի ցույց է դնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի աջակցությունը և Հայաստանի նկատմամբ շատ ագրեսիվ հռետորաբանությունը:
Ալ Արաբիա. Ի՞նչ եք կարծում եք, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ռազմական առճակատմանը։
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախն ունեն պաշտպանվելու լիարժեքորեն կարողություն, պաշտպանելու Արցախի ժողովրդի ազատությունը, Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Մեր վճռականությունը շատ ամուր է: Կա նաև միասնության և պաշտպանվելու կարողության շատ ուժեղ զգացում: Այսօր՝ ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն և մոբիլիզացիա: Նույնը տեղի է ունենում Հայաստանում: Ժողովուրդը միասնական է: Եվ մեր կարողությունները, ռազմական ներուժն ու ոգին շատ ամուր են՝ մեր ժողովրդի դեմ և մեր ժողովրդի ազատության և անվտանգության դեմ այս ագրեսիան հետ մղելու գործում: Բայց մենք մերժում ենք ռազմական լուծումը, մենք մերժել ենք այն բացարձակ վճռականությամբ այս բոլոր տարիների ընթացքում: Մեր վստահության հիման վրա է, որ մենք գիտենք, որ ռազմական լուծումն ապակայունացնելու է տարածաշրջանը և աղետաբեր է լինելու շատ մարդկանց համար՝ Ադրբեջանում և տարածաշրջանի այլ վայրերում: Ռազմական լուծումը տարբերակ չէ: Մենք հաստատակամ ենք եղել այդ հարցում: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ մեր դիրքորոշումն այդ հարցում մնում է շատ ամուր ու հաստատակամ: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որն իրականացվում է բանակցությունների միջոցով երեք կարևոր երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, և հանգուցալուծումը պետք է հիմնված լինի հավասարակշռված, չափելի փոխզիջման վրա: Սա եղել է Հայաստանի շատ հետևողական դիրքորոշումը:
Ալ Արաբիա. Հայկական որոշ լրատվական գործակալություններ հայտարարեցին, որ որոշ սիրիացի վարձկան զինյալներ են սպանվել, հատկապես նրանք, ովքեր Ադրբեջանի կողմից էին մարտնչում: Բացի այդ, ես նաև նշեցի, որ սիրիացի վարձկան զինյալներով բեռնված ռազմական մեքենա է ռմբակոծվել: Պարոն նախարար, Թուրքիան բացահայտորեն հայտարարել է, որ հանդիսանում է այս հակամարտության կամ մարտական գործողությունների կողմ։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար, մասնավորապես, երբ խոսում ենք վարձկան զինյալների մասին, ովքեր գալիս են Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչելու, հատկապես, որ Թուրքիան է բերում նրանց:
Զոհրաբ Մնացականյան. Մենք նման տեղեկություն ստանում ենք: Նման տեղեկություն ստացվել է տարբեր աղբյուրներից: Մենք շատ զգուշորեն ենք վերաբերում դրան, քանի որ պետք է վստահ լինենք դրանց արժանահավատությանը, սակայն այդպիսի տեղեկությունների ինտենսիվությունն ու ծավալը ցույց են տալիս, որ, դրանք, ըստ էության, արժանահավատ են: Մենք բարձրաձայնել ենք սա: Եվ հենց սա է դեպի Հարավային Կովկաս անկայունություն սերմանելու և արտահանելու Թուրքիայի ընտրած ուղին, որը ողջունելի չէ:
Ալ Արաբիա. Պարոն նախարար, սա երևի իմ վերջին հարցն է: Դուք նշեցիք, որ Հայաստանը, պատրաստ լինելով ռազմական գործողությունների, հավատում է հիմնախնդրի քաղաքական լուծմանը և չի ցանկանում ռազմական լուծում։ Արդյո՞ք վերջինս խոսում է այն մասին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, թե հնարավոր է վերափոխվի բաց առճակատման։
Զոհրաբ Մնացականյան. Էսկալացիան սկսվել է վաղ առավոտյան, երբ ադրբեջանական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Մարտերը շարունակվում են: Մեր քաղաքացիական բնակավայրերն են հարձակման տակ: Մենք ունենք զոհեր խաղաղ բնակչությունից: Հարձակում է տեղի ունեցել շփման գծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մենք նրանց վճռական պատասխան ենք տալիս: Եվ այս պահին շարունակական մարտերի փուլում ենք գտնվում, իսկ էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ: Սա այն է, ինչ մենք ունենք այս պահին: