Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

«Մեծ պատմություն փոքր մարդկանց մասին». Սուրեն Սահակյան

207
Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ., 18:35
«Մեծ պատմություն փոքր մարդկանց մասին». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է. «2019 թվականի ապրիլին դիմեցի ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին և դատախազությանը՝ կասկած հայտնելով, որ պատգամավոր դարձած Գագիկ Ծառուկյանը Նոր Հայաստանում շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ ԱԺ նախագահը՝ որպես ԱԺ խորհրդի նախագահ, պետք է գործընթաց սկսեր, ինչը կհանգեցներ ՍԴ կողմից պատագամավորի մանդատը վայր դնելու որոշում կայացնելուն։ Խմբակցությունները հանդիսանում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծող միակ ինստիտուտը, որը պետք է ԱԺ խորհդին եզրակացություն տար այդ հարցով, ինչի հիմքով էլ ԱԺ խորհուրդը կարող էր դիմել ՍԴ։ Դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր ու պարզեր իրականությունը։
ԱԺ նախագահը էդ կապակցությամբ նամակ հղեց Գ․ Ծառուկյանին, որի պատասխանից հետո, թե նման բան չկա, որևէ կերպ այլևս չարձագանքեց։ Եթե մի պատասխան նամակ ստանայի, գոնե կիմանայի՝ արժանահավատ դիտվե՞ց պատասխանը, թե՞՝ չէ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ու խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը նախընտրական արշավի ժամանակ անընդհատ բարձրաձայնում էր սույն հարցը, ինչի պատճառով էլ ժամանակին հարձակման ենթարկվեց ԲՀԿ կողմից, պատասխանեց, որ քաղաքական մեծամասնության կողմից չի տեսնում նման պատրաստակամություն ու, ըստ էության, մեծամասնությունը ոնց որոշի՝ իրենք էլ դրան կմիանան։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չպատասխանեց դիմումին, չնայած որ ամենաշահագրգիռ կողմն էր, որ «ճշմարտությունը» բացահայտվի։ Ըստ իս՝ խորհրդարանական ուժերի նման անվճռականությունը տեսնելով, նրանց լավագույն քայլը կլիներ ստեղծել էդ հանձնաժողովը ու քանի մյուսները տատանվում են, վերջ դնել հարցի «շահարկումներին»։
Բայց ամենաֆանտաստիկը «Իմ քայլը» խմբակցությունն իրեն դրսևորեց։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխան նամակով հայտնեց, որ խմբակցությունը նպատակահարմար չի գտնում այդ հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորել։ Տարբեր հարցազրույցներում իրենց այդ դիրքորոշումը նրանք «հիմնավորեցին», որ դա կարող է որպես մեծամասնության կողմից իրականացվող քաղաքական հետապնդում դիտվել։ Ու նման հիմնավորումը, կարծես, համոզիչ էր թվացել 88 հոգանոց խմբակցության առնվազն մեծամասնության համար։ Դե ինչ, կարևորը՝ հետևողական լինեն քաղաքական հետապնդումներից զերծ մնալու գործում: Ի դեպ, չար լեզուները պատմում են, թե պատգամավորներից որ մեկն է երկնել նման փայլուն «կռուտիտը», ինչի հաջողությանը, ըստ էության, հավատացել են մեծամասնության մեծամասնությունը։ Ու էդ մարդը դեռ շարունակում է ուժեղ ստրատեգ դիտվել ու «կռուտիտների» մեծ վարպետի հեղինակություն է վայելում:
Դե իսկ դատախազությո՞ւնը։ Օրերս հերթական դատական նիստը տեղի կունենա, որտեղ կքննվեն քրեական գործի հարուցումը մերժելու Գլխավոր դատախաղության, ՀՔԾ որոշումները։
«Մեծ պատմություն փոքր մարդկանց մասին»»: