Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՃՈ Իջևանի բաժանմունքի պետը կաշառք է վերցրել. ԱԱԾ

343
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 14:45
ՃՈ Իջևանի բաժանմունքի պետը կաշառք է վերցրել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետ Ա. Շ-ն Ս. Թ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց գործնական քննություն կազմակերպելու և անցկացնելու, «E» կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ա. Ս-ի օժանդակությամբ վերջինիցս ստացել է զգալի չափի՝ 75.000 ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ-ին ցուցում է տվել, որպեսզի վերջինս առանց գործնական քննություն անցկացնելու՝ ակնհայտ կեղծ գրառում կատարիայն մասին, որ Ս. Թ.-ն մասնակցել է տվյալ քննությանը և ստացել է դրական գնահատական: Ա. Մ-ն այնուհետև, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց ՀՀ կառավարության 26.03.2020թ-ի թիվ 385-Ն որոշման պահանջերի պահպանման և առանց գործնական քննություն անցկացնելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գործնական քննության թերթիկում կատարել է ակնհայտ կեղծ գրառում, որը հաստատել է իր ստորագրությամբ, ապա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ-ին տրամադրվել է «E» կարգի վարորդական իրավունքի վկայական:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի տեսուչը, ինչպես նաև ևս երկու անձինք, ովքեր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։