Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս որոշումը հեշտ չի տրվել». Գայանե Աբրահամյան

265
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 14:00
«Այս որոշումը հեշտ չի տրվել». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի և քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն և վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ՝ պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց՝ խնդիրների լուծման և մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, և այս առումով արդյունավետությունը կարևորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։

Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել՝ մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից և պայքարից չեմ խուսափել, մանդատն ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարևորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։

Տարիներ շարունակ լրագրողական և հասարակական գործունեությամբ պայքարել եմ մեր երկրում արդարության վերականգնման և օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար, որոնց ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը սահմանել էի առաջնահերթություն արդեն որպես կառավարող ուժը ներկայացնող պատգամավոր։

Օրենսդիրում աշխատանքիս 20 ամիսների ընթացքում քաղաքական ողջ թիմի և խորհրդարանական գործընկերներիս հետ դժվարին, սակայն չափազանց կարևոր և արդյունավետ ճանապարհ ենք անցել, որի համար շնորհակալ եմ բոլորին։

Անձամբ ես ջանքերս ներդրել ու աշխատել եմ Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ունեզրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման, փախստականների և բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների, խոսքի և մամուլի ազատության մասին օրենքի փոփոխության (օրենքի կարևորագույն փոփոխությունն ամբողջությամբ պատրաստ է և հույս ունեմ խմբակցության կողմից այն կդրվի շրջանառության մեջ), կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման և հազարավոր քաղաքացիների բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ: Շատերը կփաստեն, որ այս գրեթե երկու տարվա ընթացքում հասանելի եմ եղել 24-ժամյա ռեժիմով։

Մեր երկրի և ժողովրդի շահերն առաջ մղելը խորհրդարանական դիվանագիտության բազմաթիվ հարթակներում եղել է իմ պատգամավորական գործունեության հիմնական առանցքը։ Որպես Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար ջանք չեմ խնայել Եվրոպական միության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության, նոր կապերի հաստատման ու խորացման, դիվանագիտական բազմաթիվ խողովակների միջոցով Հայաստանի պետական շահի, Արցախյան հիմնախնդրի օրակարգային հարցերի ներկայացման և առաջխաղացման համար, որոնց ուղղությամբ, ըստ իս, արձանագրել եմ կարևոր ձեռքբերումներ։

Շնորհակալ եմ մեր պետության այս կարևորագույն շրջանում ինձ տրված քվեի և վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»: