Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Իտալական եկեղեցուց գողացել են Հովհաննես Պողոս II պապի արյամբ լցված սրվակը

863
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 22:40
Իտալական եկեղեցուց գողացել են Հովհաննես Պողոս II պապի արյամբ լցված սրվակը

Կենտրոնական Իտալիայում գտնվող եկեղեցուց գողացել են սրվակը, որում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի արյան մի քանի կաթիլներ են եղել:
Սրվակը մասունքներից մեկն է, որը պարունակում է հանգուցյալ քահանայապետի արյունը և այն պահվում էր Սպոլետոյի տաճարի մատուռում՝ Հռոմից մոտ 60 մղոն հեռավորության վրա։
Սակայն չորեքշաբթի երեկոյան տաճարի սպասավորը, ով պատասխանատու է շենքի և դրա ներսում գտնվող իրերի պահպանման համար, հայտնաբերել է, որ այն կորել է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել մեղավորներին գտնելու համար։
Քննիչներն ստուգել են շենքի ներսում գտնվող տեսախցիկների տեսագրությունները, սակայն դեռևս չեն պարզել կասկածյալի ինքնությունը:
Տաճարի արքեպիսկոպոս Ռենատո Բոքարդոն դիմել է գողերին՝ կոչ անելով վերադարձնել մասունքը։
«Համարձակվում եմ հուսալ, որ դա մանր ավազակություն է, որն ուղղված չի եղել հավատացյալների զգացմունքները վիրավորելուն,- ասել է նա։- Ես նաև համարձակվում եմ հուսալ, որ այդ անխոհեմ արարքը չի կատարվել փող աշխատելու համար»։
Սրվակը եկեղեցուն նվիրվել է 2016թ-ին կարդինալ Ստանիսլավ Ձիվիշի կողմից, ով 2005թ-ին մահացած լեհ պապի օգնականն է եղել:
Այն պահպանվել է մատուռում գտնվող՝ Ալբերտո Սոտիոյի խաչի մոտ, որը ստեղծվել է 1187թ-ին։
Մատուռը պաշտպանված էր փակ դարպասներով, որոնք մոտ 3 ոտնաչափ բարձր են գետնից և բաց չեն կողմնակի անձանց համար։ Այն ունի նաև ազդանշանային համակարգ, որը պաշտպանում է խաչը, թեև մասունքը պաշտպանված չէ, ինչը թույլ է տվել գողերին աննկատ հեռանալ։