Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Time-ը կազմել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

2069
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 00:45
Time-ը կազմել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Ամերիկյան Time ամսագիրը ներկայացրել է 2020թ-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։
Վարկանիշը բաղկացած է մի քանի խմբերից՝ «Տիտաններ», «Նորարարներ», «Արվեստի գործիչներ», «Առաջնորդներ» և «Կուռքեր»։ Այս տարի «Առաջնորդների» թվում են հայտնվել ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և առաջիկա ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը, ԱՄՆ-ի փոխնախագահի՝ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը, ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն:
Time-ը «Տիտաններ» է ճանաչել Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային, Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանին, աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի նախկին կնոջը՝ Մաքենզի Սքոթին, «Ֆորմուլա-1»-ի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին, ԱՄՀ-ի ղեկավար Քրիսթալինա Գեորգիևային և այլոց:
2020թ․-ին «Նորարար» են դարձել երգչուհի Մեգան Ջովոն Ռութ Փիթը, որն ավելի հայտնի է իր բեմական Megan Thee Stallion կեղծանունով, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Ջեսիկա Մեյրն ու Քրիսթինա Քուքը և այլք:
«Արվեստի գործիչների» շարքում հայտնվել է կատարող The Weeknd-ը, երգչուհի Սելենա Գոմեսը, դերասաններ Ֆիբի Ուոլեր Բրիջը և Մայքլ Բաքարի Ջորդանը, հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն ու թավջութակահար Յո Յո Ման:
«Կուռքերի» թվում են իրավապաշտպան Անջելա Դևիսը, թենիսիստուհի Նաոմի Օսաքան, Black Lives Matter շարժման հիմնադիրները և այլք: