Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.

«Միայն լեզվակռվի համար մարդկանց քարշ են տվել ոստիկանական բաժանմունք». Շիրակ Բունիաթյան

159
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 20:10
«Միայն լեզվակռվի համար մարդկանց քարշ են տվել ոստիկանական բաժանմունք». Շիրակ Բունիաթյան

«Ինձ հասած տեղեկություններով՝ օրերս Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք երկու կողմերի միջև (Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ և կողմ քաղաքացիների միջև- խմբ): Ես ևս հրավիրվել եմ ոստիկանություն և տեղում ծանոթացել նյութերին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Նշենք, որ ոստիկանությունն արդեն քննություն է իրականացրել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներն ակցիա են իրականացրել, որի հետևանքով կան բերման ենթարկվածներ:

«Ոստիկանությանը հորդորում ենք, որ այնքան թափանցիկ աշխատեն, որ մարդիկ չմտածեն, թե կա խտրականություն: Մենք փորձում ենք չհավատալ, որ կա խտրականություն: Բայց Ամուլսարի պայքարը ցույց է տալիս, որ շարունակաբար պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարում հանքարդյունաբերությանը»,- ասաց Բունիաթյանը:

Ակտիվիստը նշեց, որ իր տեղեկություններով՝ այսօր ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ամուլսարի շահագործմանը դեմ երեք քաղաքացիների բնակարաններում, որոնք մասնակցել են Գնդեվազում տեղի ունեցած միջադեպին:

«Հիմա մենք ունենք նաև նոր բերման ենթարկվածներ, երբ որ մենք եկել ենք համայնքապետարանի մոտ մեր հորդորն ու պահանջը մեր պատկան մարմիններին, համայնքապետարանին հայտնելու: Երբ ակցիան արդեն ավարտվում էր, այստեղ ինչ-որ երկխոսություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, որը դարձավ լեզվակռիվ ու դրան հետևեց գործողություն: Կարծում եմ, որ միայն լեզվակռվի համար մարդկանց քարշ տալ ոստիկանական բաժանմունք, էդ ամենը պետք է մոռացած լինեինք հեղափոխությունից հետո»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, որ իրենց ակցիան ավարտվել է, և այժմ իրենք սպասում են, որ բաց թողնեն բերման ենթարկվածներին:

Րոպեներ առաջ, բերման ենթարկեցին ևս երկու քաղաքացու: