Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

«Չէի անդրադառնա դրան, եթե 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեր». Հակոբ Ճաղարյան

290
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 16:50
«Չէի անդրադառնա դրան, եթե 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեր». Հակոբ Ճաղարյան

Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ՀՀ կառավարության A-319CJ օդանավը ներկելուց հետո, բազմապիսի լուրեր են տարածվում ներկելու համար վճարված գումարի շուրջ:

Չէի անդրադառնա դրան, եթե լրատվամիջոցնեն ինձ բազմիցս դիմած չլինեին՝ ներկելու արժեքին գնահատական տալու հարցով:

Իսկ նախորդ օրը 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեր:
Չգիտեմ՝ ինչ մասնագիտական տրամաբանությամբ, նույն թեմայի մեջ շոշափելով նաև այդ օդանավի տեխնիկական վիճակը և վարձակալված օդանավով վարչապետի մեկ տարի առաջ ԱՄՆ կատարած այցը...

Հիմա հերթականությամբ՝

1. Օդանավերը ներկվում են կամ տեխնիկական պահանջներով, կամ օդանավի տարբերանշանները փոխելու պատճառով:
Տեխնիկական պատճառները նախորդ ներկածածկույթի քայքայումն ու վնասվածությունն է, որը զգալիորեն վատթարեցնում է օդանավի աէրոդինմիկան, պատճառ անդիսանում վառելիքի ավելորդ ծախսի, որը կարող է հասնել 8-10% ավելացման:

Էդպիսի դեպքերում նախորդ ներկածածկույթը մաքրում են մինչև մետաղ, հարթեցնում, նոր գրունտ և նոր ներկածածկույթ անում:

Արժեքի այլ բաղադրիչ է ներկի տեսակը և որակը:

ԵՍ ՉԳԻՏԵՄ, թե ինչ պատճառներով է թարմացվել օդանավի ներկը:
Ինչպես նաև չգիտեմ, թե ինչ ծավալի ներկարարական աշխատանք է արվել:
Չգիտեմ՝ ինչ ներկ է օգտագործվել...

Էս հարցերի պատասխանը կարող են տալ միայն տեխսպասարկող ձեռնարկությունն ու կառավարությունը:

2. 5-րդ ալիքը էպիզոդներ ցուցադրեց, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ օդանավի տարիքի պատճառով, նրա թռիչքային պիտանելիության վրա պահանջվող զգալի գումարների պահանջին, վարչապետի նախկին խորհրդականը հակադարձել է, որ օդանավը գտնվում է լավ տեխնիկական վիճակում...

Այստեղ հակասություն չկա: Օդանավը կարող է գտնվել թռիչքային պիտանելիության, լավ վիճակում, նրա տեխսպասարկման վրա ավելի թարմ օդանավի ծախսերից ավել ծախս կատարելու պարագայում:

Կա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցում, կամ ամեն գնով սկանդալ ստեղծելու մեծ ցանկություն:

Ես երբեք չեմ խուսափել առողջ, կառուցողական քննադատությունից:
Հիմա էլ պատրաստում եմ հերթական հաղորդումը:

Բայց ինձ, օդանավ ներկելու, կամ անիվներ փոխելու շուրջ խոսակցությունները սկանդալի վերածելու գործընթացին ներգրավելը, վստահեցնում եմ, ժամանակի և ուշադրության անիմաստ կորուստ է:

Վարչապետի խորհրդականի պաշտոնից իմ հրաժարականի հիմքում դեղին մամուլ ստեղծելու նպատակ չի եղել:
Ես ազատորեն արտահայտվում եմ ավիացիային վերաբերվող բոլոր խնդիրների շուրջ: Բայց միայն իմ մասնագիտական հարթակում:

Ինչը և խորհուրդ կտայի լրագրողներից շատերին»: