Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մի՞թե հայ քաղաքական գործիչներին սա պարզ չէ առ այսօր». Տիգրան Խզմալյան

418
Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ., 02:05
«Մի՞թե հայ քաղաքական գործիչներին սա պարզ չէ առ այսօր». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքները», այսինքն՝ 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան խնդրի կարգավորման առաջարկած հիմնական պայմանները։ Կարճ ասած՝ դրանք հետևյալն էին՝

1․ Նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
2․ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
3․ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
4․ Ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
5․ Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

Գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ հայ հանրության ճնշող մեծամասնության համար, ներառյալ Արցախը և Սփյուռքը, այս «սկզբունքները» երբեք ընդունելի չէին։ Մինչդեռ ՀՀ իշխանությունների կողմից և՛ այդ «սկզբունքները», և՛ դրանց հանդեպ հայության անհանդուրժողականությունը երկու տասնամյակ շարունակ ներկայացվում էին իբրև գրեթե գլխավոր պետական գաղտնիք։ Ընդ որում, եթե բուն «սկզբունքները» Բ26-ում գաղտնի էին պահում հայ հանրությունից, ապա հայության կտրուկ բացասական վերաբերմունքը դրանց հանդեպ փորձում էին թաքցնել միջազգային հանրությունից։ Դրա ապացույցն է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի առաքելության ավարտից առաջ, 2017-ին արված ուշագրավ հայտարարությունը՝ առ այն, որ պաշտոնական Երևանը տարիներով ապատեղեկատվություն էր տարածում օտարերկրյա դիվանագետների շրջանում՝ պնդելով, որ հայ հասարակությունը համաձայն է «տարածքներ խաղաղության դիմաց» մոտեցմանը, այսինքն՝ հենց «Մադրիդյան սկզբունքներին»։ ԱՄՆ դեսպանը վկայակոչել էր ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերզմի, այնպես էլ «Սասնա Ծռերի» ապստամբության հանդեպ լայն հասարակության աջակցությունը։ Սա, թերևս, միջազգային ատյանների կողմից արված առաջին արձանագրումն էր այն իրողության, որի հաստատմանը նվիրված է սույն գրառումը։ Կրկնում եմ պնդումս՝ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածն արդեն առնվազն երեք տարի է, ինչ գոյություն չունեն որպես միջազգային հանրության կամ ավելի կոնկրետ «Մինսկի խմբի», այսինքն՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսասատնի համատեղ և համաձայնեցված մոտեցում Արցախյան խնդրի լուծմանը։ Ասեմ ավելին՝ այսօր «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող մեռած գաղափարը միմիայն Մոսկվայի կողմից պաշտպանվող և ներկայացվող մոտեցում է, այլ կերպ ասած՝ «Պուծին-Լավրով» նախագծի գեղեցիկ հնչող կեղծանունը։ Հետևաբար այն հայ քաղաքական գործիչները և պաշտոնյաները, որոնք շարունակում են խոսել Արևմուտքի կողմից ՀՀ-ին իբրև թե «պարտադրվող Մադրիդյան սկզբունքների» մասին կա՛մ ծայրահեղ միամիտ են և չեն գիտակցում վերջին տարիներին կատարված հսկայական աշխարհաքաղաքական փոփոխությունները, կա՛մ գիտակցաբար և ոչ անշահախնդրորեն թյուրիմացության մեջ են գցում հայությանը։
Ի՞նչն է հիմք տալիս պնդել սա։ Նախ, ուշադրություն դարձնենք «Մադրիդյան սկզբունքների» առաջացման ժամկետին՝ 2007 թ․։ ՀՀ-ում դա Քոչարյանի բռնապետության, այսինքն՝ ռուսական ԿԳԲ-ՖՍԲ-ԳՌՈՒ-ի լիակատար վերահսկողության գագաթնակետն է, մարտի 1-ի սպանդի նախօրեին։ Ռուսաստանում դա Պուծինի նախագահության երկրորդ ժամկետի ավարտն է, երբ նա հանդես է գալիս իր տխրահռչակ Մյունխենյան ճառով, որում, փաստորեն, հռչակում է «ԽՍՀՄ-2» իր նախագծի սկիզբը։ Արդեն հաջորդ տարի նրա այդ տեսլականի իրականացումը սկսվելու է Վրաստանի վրա հարձակումից։ Նավթի ու գազի գնաճը, Ջորջ Բուշ կրտսերի «թուլությունը» Պուծինի հանդեպ, Գերմանիայի կանցլեր Շրյոդերի և Իտալիայի վարչապետ Բերլուսկոնիի ծախվածությունը ուղիղ նպաստում են ռուսական կայսերապաշտության անարգել ծավալմանը։ Եվ հենց այս հանգամանքներում Արևմուտքը, ի թիվս այլ զիջումների Կրեմլին, ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որոնք, միանշանակ, ճանաչում են մեր տարածաշրջանը Ռուսաստանի «պատասխանատվության և ազդեցության գոտի»։ Հիշենք, Քոչարյանն այդ տարիներին համաձայն էր Արցախի հարցում անգամ «ընդհանուր պետություն» դավաճանական տարբերակի։
Սակայն 13 տարիների ընթացքում որոշ բաներ միջազգային քաղաքականության մեջ փոխվել են անվերադարձ։ Փոփոխությունները սկսվեցին 2015 թվականին, երբ Արևմուտքն ի վերջո արձագանքեց Ռուսաստանի նախահարձակմանը Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահ Օբաման սկսեց Ռուսաստանի մեկուսացման, թուլացման և քայքայման մեծ նախագիծ՝ փոխելով ԱՄՆ ռազմական տեսլականը՝ պատժամիջոցներ հայտարարելով Կրեմլի դեմ և, ամենակարևորը, կտրուկ իջեցնելով նավթի և գազի գները։ Այսպես մեկնարկեց այն հսկայական գործնթացը, որն այսօր բերել է Ռուսաստանի փաստացի միջազգային մեկուսացմանը և «վտարանդի երկրի» կարգավիճակին, դրա նվազեցմանը։ Մինչդեռ արդեն 2015 թ․ Հայաստանի հանդեպ՝ Եղեռնի 100-ամյակի առիթով, միջազգային հանրությունն արտահայտեց ընդգծված բարեհաճ ուշադրություն և համակրանք։ Հռոմի պապի այցելությունը, Գերմանիայի կողմից Եղեռնի ճանաչումը, հետագայում ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի հայանպաստ, աննախադեպ բանաձևերը այս վերաբերմունքի պարզ արտացոլումներն էին։ ՀՀ իշխանությունը չընդունեց, չընկալեց, չօգտվեց այդ հնարավորոթյուններից։ Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ նրան հաջորդած Նիկոլ Փաշինյանը անհաղորդ մնացին Արևմուտքի այդ թափանցիկ ակնարկներին՝ քաղաքակիրթ աշխարհին միանալու հրավերին։ Նրանց անձնական խնդիրները, շահերը, վախերը և պարտավորությունները գերակշռեցին պետական և ազգային շահերի առաջնահերթությանը։
Ինչևէ, 2016 թ․ Ապրիլյան քառօրյան վերջնականապես «սպանեց» Մինսկի խմբի նախկին միասնությունն ու փոխզիջումային մոտեցումը, այսինքն՝ «Մադրիդյան սկզբունքները»։ Ռուսաստանն ու Արևմուտքը տրամագծորեն հակառակ դիրքեր գրավեցին 2016 թ․ ապրիլին, երբ Ռուսաստանն ուղիղ և գրեթե անթաքույց զինում, պատրաստում և կազմակերպում էր Ադրբեջանի հարձակումը, իսկ ԱՄՆ-ը՝ ընդհուպ մինչև տիեզերական հետախուզության տվյալներով աջակցում էր Հայաստանին։ Այլևս ոչ մի ընդհանուր սկզբունքներ չկային և չէին կարող լինել Ռուսաստանի հետ, որը նույն Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի և ԵՄ կողմից պատժամիջոցների և մեկուսացման է ենթարկվում։ Մի՞թե դա պարզ չի եղել դեռեւս 2016 թվականին։ Մի՞թե հայ քաղաքական գործիչներին սա պարզ չէ առ այսօր․․․
Ամփոփեմ։ ԱՄՆ-ը և ԵՄ-ը վաղուց, արդեն 3-4 տարի է, ինչ հրաժարվել են «Մադրիդյան սկզբունքներից»։ Դիվանագիտական պայմանականությունները զսպում են դա բացահայտ հայտարարելուց միայն այն պատճառով, որ ՀՀ հին և նոր իշխանությունները շարունակ հռչակում են իրենց Ռուսաստանի ռազմավարական դաշնակից և մնում են ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում։ Մինչդեռ բավական է հայտարարել ՀՀ Առաջին հանրապետության իրավահաջորդ և 1920 թ․ Ազգերի լիգայի և ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրավատերը՝ և անհետանալու են Արցախի «ինքնորոշման», «անկախության» և այլ անհեթեթ կարգավիճակների կեղծ օրակարգը, քանի որ Արցախն ու Նախիջևանը միջազգային իրավունքի ուժով վերահաստատվում են Հայաստանի անբաժանելի մասեր, որոնք ապօրինի և հանցավոր կերպով զավթվել են ռուս-թուրքական 1921 թ․ Լենին-Քեմալ պայմանագրի և 1921 թ․ Ստալինի «Կավբյուրոյի» բռնի որոշումներով։ Ոչ թե Արցախի՝ վաղուց արդեն լուծված «հարցը», այլ Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի խնդիրները պետք է հետայսու դառնան միջազգային քննարկման, բանակցությունների և իրավական վճիռների առարկա։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Ազգային-ժողովրդավարական Բևեռը համարում են սա հայոց պետականության ու քաղաքականության կարևորագույն արտաքին օրակարգ։
Ով որ փորձում է արհեստականորեն փոխարինել այն մեռածին և վաղուց արդեն չգործող «Մադրիդյան», իսկ իրականում «Մոսկովյան սկզբունքներով», կա՛մ սկզբունքային միամիտ է, կա՛մ՝ անկզբունքային չարամիտ»։