Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք

286
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 02:05
Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել են Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը: Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել, գրում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ գնտվում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին:

Բանակցությունների ավարտից առաջ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիական համազգեստով անձանց մի քանի խմբեր մոտեցել են Իդլիբի թուրքական հենակետերից մի քանիսին, ապա հարձակվել 7-րդ հենակետի վրա: Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ խմբերը ուղղորդվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության կողմից: Հարձակման հետևանքով տուժածներ չկան:

Ռուսական «Sputnik» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ: