Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վարչապետի ինքնաթիռի նոր դիզայնի համար՝ 250000 դոլար

451
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 00:05
Վարչապետի ինքնաթիռի նոր դիզայնի համար՝ 250000 դոլար

Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։ NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը պետության համար արժեցել է ավելի քան 210000 եվրո (շուրջ 250000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավն այս օգոստոսին ներկել է չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։

Չեխիայի Օստրավա քաղաքում գործող IAC–ի արտադրամասում ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռի թարմացման աշխատանքները տևել են 10 օր։ Կառավարական ինքնաթիռը Օստրավա է մեկնել օգոստոսի 4–ին և Երևան ժամանել օգոստոսի 16–ին։ Նույն օրը փոփոխված օդանավի լուսանկարներն արդեն տարածվել էին սոցցանցերում։ Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ՝ հատկապես համացանցի ֆեյսբուքյան տիրույթում։ Շատերի աչքից չվրիպեց, որ երկրի «Համար մեկ» օդանավը ներկվել է «Աերոֆլոտի» ոճով։ Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն օրինակ գրել էր, որ նոր դիզայնը օդանավ ներկելու կոնցեպտի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի: «Օդանավը գազի տրուբա չէ, որ վրան ինչ ուզես գրես: Համաչափության, պոչ-թև-առաջնամաս գծագրի ծանրության, գույների հավասարակշռության մասին գաղափարի բացարձակ բացակայություն»,–մեկնաբանել էր նա։ Օգտատերից մեկն էլ նկատել էր, որ կառավարական օդանավի համար ալիքաձև դրոշի պատկերը տեղին չէ, իսկ շարժիչի հատվածում պատկերված փոքր դրոշն ընդհանրապես դժվար է դիզայն համարել։ Կային մարդիկ, որոնք օդանավի նոր տեսքը գրավիչ էին համարել՝ ընդգծելով, որ բարեփոխված գծանշումներն օդանավին շքեղ տեսք են հաղորդել։

«Համար մեկ» բորտը թողարկումից ի վեր ներկվել է 5 անգամ

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոփոխության ենթարկվել։ Վարչապետին սպասարկող «Airbus A319» ինքնաթիռն արտադրվել է 1998 թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Թողարկումից հետո ինքնաթիռը 9 տարի շահագործել են բրիտանական և արաբական օպերատորներ, իսկ 2007–ի վերջին այն ձեռք է բերել Հայաստանը։ Թողարկումից մինչ օրս կորպորատիվ դասի (VIP) օդանավը ներկվել է հինգ անգամ, որից երկուսը՝ որպես կառավարական ինքնաթիռ՝ Հայաստանի ազգային խորհրդանշաններով։ Պետական սեփականություն համարվող միակ օդանավը մի քանի ամիս սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 10 տարի՝ Սերժ Սարգսյանին, իսկ 2018թ. մինչ օրս «Համար մեկ» բորտն սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Որպես կանոն ավիաընկերությունները օդանավերը ներկելու գումարը փակում են մի քանի ամսվա օգուտի (շահույթի) հաշվին, իսկ կառավարական ինքնաթիռի օգուտի մասին առհասարակ տեղին չէ խոսելը։ Ասել է թե, նման փոփոխությունը պետությունների կամ մասնավոր ընկերությունների համար հավելյալ ծախս է։ Եթե մասնավոր ավիաընկերության դեպքում ինքնաթիռի ներկումը կարող է հանդիսանալ որպես մարքետինգային քայլ, ապա կառավարական ինքնաթիռի դեպքում այն համարվում է շքեղության համար կատարված անհարկի ծախս։

Վարչապետին սպասարկող օդանավը ներկելու արժեքը՝ «պետական գաղտնի՞ք»

Նախքան վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործարքի մանրամասները պարզելը, աղբյուրը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ ճշտելու, թե որքա՞ն գումար է վճարվել պետական բյուջեից օդանավի ներկման համար, լրացուցիչ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել կառավարական օդանավը և այլն։

Հարցմանը պատասխանելու համար կառավարությունից նախ լրացուցիչ 30-օրյա ժամկետ էին խնդրել՝ այն պայմանավորելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ, իսկ մի քանի օր անց՝ հրաժարվել էին տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե հարցադրումների պատասխանները պարունակում են պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: