Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Արյունաբանականի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

325
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 14:15
Արյունաբանականի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001-ից մինչև 2018թ. մայիսն զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է: