Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Միքայել Մինասյանի կալանքի հարցը փակված չէ. «Հրապարակ»

790
Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 09:50
Միքայել Մինասյանի կալանքի հարցը փակված չէ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՊԵԿ քննչական վարչությունը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն 4-րդ միջնորդությունն է ներկայացրել, որի քննությունը նշանակված է այս շաբաթ։ Մեր տեղեկություններով՝ դեռևս օգոստոսի 21-ին դատախազությունը հետ էր վերցրել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, քանի որ վստահ չի եղել, որ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը չի մերժի այն՝ անհիմն լինելու հիմքով։ Դեռ այդ ժամանակ իրավապահները՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանի ղեկավարությամբ, որոշել էին Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մակագրել Մանվել Շահվերդյանին, ով համակարգում հայտնի է նրանով, որ 11 տարի աշխատել է որպես թավշյա իշխանությունների սիրելի դատավոր Արտուշ Գաբրիելյանի օգնական։ Սակայն կալանքի միջնորդության մուտք արվելու օրը՝ սեպտեմբերի 3-ին, Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մոռացել է, որ նշված միջնորդությունը պետք է մակագրեր Մանվել Շահվերդյանին, և այն մակագրել է նորանշանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դրանից անմիջապես հետո Մկրտչյանը զանգել է Մելիքսեթյանին և խնդրել վերադարձնել գործը, ինչին հաջորդել է Մելիքսեթյանի գրավոր դիմումը՝ ուղղված Մկրտչյանին՝ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերամակագրելու խնդրանքով։ Մեր տեղեկություններով, Մինասյանին կալանավորելու համաձայնությունը դատավոր Մանվել Շահվերդյանի հետ ձեռք է բերել անձամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը, ով նախկին իշխանությունների օրոք ԱԱԾ քննչական վարչության պետն էր, մտերիմ հարաբերություններ ուներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և ԱԱԾ-ում Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից էր»։

Մանրամասները՝ թերթի համարում: